ԳլխավորԼուր

«Ակադեմիական քաղաք»-ի ծրագրի հայեցակարգը հավանության արժանացավ. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։

«Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն և գիտություն ունենալու, ինչպես նաև այս երկու ոլորտները արդյունավետ ինտեգրելու նպատակով: Բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը կապահովի գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը: Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառելիությունը` ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները՝ այսպիսով ծառայելով հանրությանը: Հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ այն նաև ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումը»,-նշել է նախարարը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքների հետագա հստակեցման ու կանոնակարգման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Նախարարի խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները (բաղադրիչները), ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում՝ ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:

«Ընդ որում՝ հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը. «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադարձ է կատարվելու այն պարագայում, եթե գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի: Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ մասնավոր կամ միջազգային բուհ»,-շեշտել է նախարարը:

Հայեցակարգի շրջանակում ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս կլաստերներից՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական և սպայական: Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44.000 մարդ: Նրա խոսքով՝ հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է նաև ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան, որը կկարգավորի մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները:

Կառուցվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ՝ ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և այլ արտադրական ու փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողեր, հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների և դասախոսների համար, բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ (համերգասրահ, կինոթատրոն, թատրոն), տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ՝ բուհական սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ կենսապայմանների կազմակերպման համար՝ մարզասրահներ, լողավազաններ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները: Ըստ նախարարի՝ ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով. ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար։

Ի հավելումն՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ավագ դպրոցների առկայություն բոլոր կլաստերներում: