ԳլխավորԼուրԿրթություն

Ուշադրություն. բուհերի ընդունելության քննություններում փոփոխություններ են կատարվել

Դիմորդ, քննություն

Հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում  հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած ՀՀ բուհերի ընդունելության 2024-25 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Նախորդ՝ 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝

Երևանի պետական համալսարանի «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերը հանվել են ցանկից՝ որպես առանձին մասնագիտություններ դրանք ներառված են «Ֆիզիկա» ընդհանրական մասնագիտության շրջանակում՝ որպես առանձին մասնագիտացումներ, ցանկը լրացվել է նոր՝ «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ:

Այս փոփոխությունները պայմանավորված են Երևանի պետական համալսարանում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով:

Միաժամանակ, Երևանի պետական համալսարանում «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունների համար նախատեսվող քննությունների շարքում չի ընդգրկվել «Անգլերեն» քննությունը՝ որպես կամընտրական քննություն, ամրագրվել են միայն «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների քննությունները:

Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի ընդունելության քննություններում ևս կատարվել են փոփոխություններ՝ «Հայոց լեզվի» քննությունը սահմանվել է պարտադիր, «Հայոց պատմության» և «Օտար լեզվի» քննությունները՝ կամընտրական: Պահպանելով նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանմամբ և միևնույն մուտքային պահանջների համապատասխանության սկզբունքը՝ նույն փոփոխությունները կատարվել են նաև բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների «Միաջազգային հարաբերություններ» մասնգիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառվել են նոր՝ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» և «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերը` համապատասխանաբար «Տեղեկատվական անվտանգություն» (թվանիշ՝ 061901.00.6) «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» (թվանիշ՝ 071603.00.6) շրջանակներում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի (առկա և հեռակա ուսուցման) մասնագիտությունների ցանկում «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն» և «Անասնաբուժություն» մասնագիտություններով ընդունվելու համար «Մաթեմատիկան», որպես պարտադիր մրցութային առարկա փոխարինվել է «Կենսաբանություն» առարկայով: Հաշվի առնելով՝ «Ճշգրիտ գյուղատնտեսություն» և «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրերով սովորողների համար «Անգլերեն», իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրով սովորողների համար «Քիմիա» առարկայի իմացության կարևորությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առկա և հեռակա ուսուցման ձևերի որոշ կրթական ծրագրերի ընդունելության քննությունների ցանկում կատարվել են փոփոխություններ, մասնավորապես, «Ագրոէկոլոգիա», «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Անտառային տնտեսություն և բնակավայրի կանաչապատում», «Անասնաբուժություն» կրթական ծրագրերի ընդունելության քննությունները փոխարինվել են «Կենսաբանություն», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներով:

2025/2026 ուսումնական տարվանից նախատեսվում է բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններ չնախատեսել՝ պայմանվորված նաև ըստ ուղղությունների բուհերի (այդ թվում գիտական կազմակերպությունների հետ), նրանցում ուսուցանվող մասնագիտությունների խոշորացման ու կոնսոլիդացիայի գործընթացի հետ:

Մասնագիտությունների ցանկում բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով հիմնականում չեն հատկացվում պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցման (անվճար) տեղեր կամ հատկացվում է 1-2 տեղ, մրցույթն անցկացվում է հիմնականում միայն վճարովի տեղերի համար (օրինակ՝ 2023-2024 ուսումնական տարվա համար տնտեսագիտություն մասնագիտությունով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անվճար տեղեր չեն հատկացվել, իսկ օպերատորություն, ռեժիսուրա, լրագրություն մասնագիտություններին՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տրամադրվել է 1-2 տեղ):