ԳլխավորԼուրԿրթություն

Բուհերը առկա՞, թե՞ հեռավար կսկսեն նոր ուսումնական տարին. հարց՝ Ազգային ժողովում

Այս պահին չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի հաջորդ տարվա բուհերի ընդունելության կարգը, ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից, հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ հաջորդ տարի էլ մեկ քննություն պահանջվի դիմորդներից։

Արձագանքելով՝ պատգամավորը հույս հայտնեց, որ հնարավորինս շուտ կլինի պատասխանը, որպեսզի դիմորդները ընդունելության պատրաստվելիս՝ հավելյալ մի քանի առարկա անտեղի չպարապեն։

Պատգամավոր Գոռ Գեւորգյանն էլ հարց ուղղեց՝ հեռավա՞ր, թե՞ առկա կարգով կսկսեն նոր ուսումնական տարին հայաստանյան բուհերը՝ հավելելով, որ արտասահմանյան բազմաթիվ բուհեր արդեն որոշել են սկսել ուսումնական տարին հեռավար կրթությամբ։

Բուհերն իրենք պետք է որոշում կայացնեն, սակայն ամեն ինչ առաջին հերթին կախված է համաճարակային իրավիճակից, նշեց նախարար Արայիկ Հարությունյանը։

Ազգային ժողովում ելույթներից մեկի ժամանակ առաջարկություն հնչեց՝ բոլոր դեպքերում պատրաստվել հեռավար ուսուցմամբ նոր ուսումնական տարին սկսելուն, իսկ եթե իրավիճակը թույլ տա, ոչինչ չի խանգարի առկա ուսուցումը վերսկսելու համար։

Comment here