ԳլխավորԼուր

Երկրորդ շանս` դրական ստացած, բայց մրցույթից դուրս մնացած դիմորդների համար

Դիմորդ, քննություն

Հուլիսի 26-30-ը տեղի կունենա հայաստանյան բուհերի դիմորդների համար լրացուցիչ մրցույթ, որին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ:

Բուհերի հիմնական մրցույթից հետո թափուր մնացած տեղերի ցուցակը կհրապարակվի հուլիսի 19-ին, ժամը 17։00-ից հետո։

Լրացուցիչ մրցույթում դիմորդները կարող են դիմել մինչև 6 մասնագիտության համար: Այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Խոսքը, սակայն, անբավարար ստացածներին և մրցույթին չմասնակցածներին չի վերաբերում, նույնիսկ եթե թափուր տեղերը շատ են: Կարող են մանակցել դրական միավորներով իրենց նախընտրած միակ մասնագիտության մրցույթից դուրս մնացածները միայն: Նրանք կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն, մրցույթը կկազմակերպվի ըստ հայտերի հաջորդականության: Այսինքն` դիմորդը կմասնակցի իր նշած առաջին մասնագիտության մրցույթին, եթե միավորները չբավականացնեն, ավտոմատ կմասնակցի երկրորդ մրցույթին»,-մանրամասնեց մամուլի քարտուղարը:
Այսինքն` մրցույթի այս փուլում դրական գնահատական ստացած դիմորդները կարող են իրենց հանձնած քննություններին համապատասխան 6 մասնագիտություններից որևէ մեկի գծով ընդունվել.

«Հուլիսի 26-ին կավարտվի լրացուցիչ փուլին մասնակցել ցանկացող դիմորդների հայտագրումը: Դրանից մի քանի ժամ անց Dimord.am կայքում կհրապարակվեն բուհերի թափուր մնացած մասնագիտությունները»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ