ԳլխավորԼուր

Երևան քաղաքում պետք է ոչ մի բուհ չլինի. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված՝ ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարևոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում: Ես եվրոպական ստանդարտների մասին խոսեցի, բայց նույնիսկ այսօր գոյություն ունեցող մեր օրենքներով, եթե փորձենք հավաստագրել և լիցենզավորել մեր բուհերը, ոչ մի բուհ այդ լիցենզավորումը չի ստանա: Այսինքն՝ մեր երկրում գործում է օրենսդրություն, որ բուհերը պետք է համապատասխանեն այս ստանդարտին, այն ստանդարտին:

Հայաստանի Հանրապետությունում այսօր գործող բոլոր բուհերը չեն կարող այդ լիցենզիոն պայմաններով անցնել: Եվ Ակադեմիական քաղաքի գաղափարն իրականում այստեղից է ստեղծվել: Մենք ասել ենք՝ ինչպե՞ս անենք, որ մեր բուհերը համապատասխանեցնենք նույնիսկ մեր օրենսդրությանը, որն ամենաբարձր ստանդարտը չէ: Եվ տեսել ենք, որ դրա հնարավորությունը չկա, չենք կարող այդ շենքերը վերափոխել և այլն, որովհետև ժամանակակից աշխարհում ակնհայտորեն ֆիզիկական ենթակառուցվածքը բովանդակային ենթակառուցվածքի հետ պետք է համադրվի, որովհետև մեկն առանց մյուսի ճեղք է առաջացնում: Եվ սա է պատճառը, որ մենք ասել ենք, ուրեմն պետք է զրոյից սկսել այդ պրոցեսը, և այդտեղից առաջացել է գաղափարը»:

Մանրամասները՝ տեսանյութում։