ԳլխավորԼուր

Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի

Մանրակրկիտ և ինտենսիվ որոնման գործընթացից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել համալսարանի հաջորդ նախագահի պաշտոնում դոկտոր Բրյուս Պողոսյանի նշանակման մասին։

Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը բազմապիսի և գերազանց որակավորում ունեցող թեկնածուներից ընտրել է դր․ Պողոսյանին, որն իր պաշտոնավարումը կսկսի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից։

2010-2014 թթ․ դր․ Պողոսյանը եղել է ՀԱՀ նախագահ, ում ղեկավարման տարիներին համալսարանը մեծապես ընդլայնվել է, մեկնարկել են բակալավրիատի ծրագրերը։ Նախագահի պաշտոնում իր մատուցած ծառայությունների համար դր. Պողոսյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության շքանշանով, իսկ պաշտոնից հեռանալուց հետո մշտապես կապ է պահպանել ՀԱՀ համայնքի հետ՝ մասնակցելով ավարտական հանդիսություններին և համագործակցելով դասախոսական անձնակազմի հետ տարատեսակ ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում։

Տարբեր պարգևատրումների և մրցանակների արժանացած դր․ Պողոսյանը 2000 թ.-ից հանդիսանում է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր, որտեղ զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և Տվյալների Վերլուծություն մագիստրոսական ծրագրի տնօրեն։ 2000 թ.-ից նա անդամակցել է Ամերիկյան ֆիզիկական հասարակություն ընկերակցությանը, իսկ 2010 թ․-ին ճանաչվել է Թաֆթս համալսարանի վաստակավոր գիտնական։ Ի հավելումն՝ 2018 թ․-ին դր. Պողոսյանը դարձել է Ջոնաթան Մ. Տիշի քաղաքացիական կյանքի ֆակուլտետի անդամ, իսկ 2019 թ․-ին անդամակցել է Թաֆթսի տվյալների ինտենսիվ ուսումնասիրությունների կենտրոնին։

Դր․ Պողոսյանն իր գիտական աստիճանները ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանից, որոնց թվում՝ ֆիզիկայի բակալավրի, միջուկային ճարտարագիտության մագիստրոսի և կիրառական գիտության դոկտորի աստիճանները։ Նրա հետազոտության ոլորտներից են, ի թիվս այլ ոլորտների, կիրառական դինամիկ համակարգերի, կիրառական հավանականությունների տեսության, կինետիկ տեսության, տնտեսության մաթեմատիկական մոդելների և բարդ համակարգերի գիտության ոլորտները: