ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել ՀԱՀ-ի և Վաշինգտոնի նահանգային համալսարանի միջև լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու և լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը:
Համալսարանական փոխգործակցությունը նախատեսված է 4 տարի. նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կհատկացնի 1․3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում:
ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ամեն տարի ուսման վարձի 90%-ի չափով կրթաթոշակ կտրվի լրագրողական մագիստրատուրայի 9 ուսանողի, ընդ որում՝ որոշ ուսանողներ մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան ամառային պրակտիկա անցնելու Միացյալ Նահանգներում և կատարելագործելու իրենց լրագրողական հմտություններն ԱՄՆ լրատվական կառույցներում ձեռք բերած գործնական փորձի միջոցով։
Այս ծրագրից բացի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նաև Հայաստանի ամերիկյան համալսարանին ֆինանսավորում է տրամադրում լրագրողների համար անգլերենի երկամյա դասընթաց կազմակերպելու նպատակով։