Միասնական և ներբուհական ընդունելության կարգերով 2024 թվականին բուհեր են ընդունվել 10 720 ուսանողներ, ինչը կազմում է ավագ դպրոցի շրջանավարտների 52.3%-ը։
Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ:
Նախարարը անդրադարձել է առաջնահերթ մասնագիտություններով սովորող ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային ծրագրին, որն էական ազդեցությունն է ունեցել ընդունելության արդյունքների բարելավման վրա:
2024-2025 ուսումնական տարում ՄԿՈւ ոլորտում գրանցվել է ընդունելության դրական արդյունք՝ 988 ուսանող արհեստագործական (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 123.5%-ով), 717 ուսանող՝ միջին մասնագիտական (նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 61%-ով) ծրագրերով: Ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50 000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ ըստ նախորդ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքների:
Բարձրագույն կրթության ոլորտում նույնպես շարունակվել է պետության կողմից ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագիրը՝ ամսական 70 000 ՀՀ դրամ կրթաթոշակի միջոցով։ Նշված ուղղությամբ 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից շուրջ 20%-ով ավելի։ Այս քաղաքականությունը 2024 թվականից տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։ Ըստ 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների՝ ագրարային ոլորտում գերակա համարվող մասնագիտություններով բուհ է ընդունվել 220 ուսանող:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews