Չինաստանը պատրաստ է հետագայում ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է ՀՀ–ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ միջպետական ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները բարձրագույն և հետբուհական կրթություն են ստանում Չինաստանի լավագույն բուհերում. 2023-2024 ուսումնական տարվա համար չինական կողմը հատկացրել է 8 կրթաթոշակային տեղ:
Երկու երկրների համատեղ ծրագրերի շրջանակում նախարարն ընդգծել է Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեության կարևորությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հնարավոր ուղղությունները՝ դպրոցի ներուժն առավել զարգացնելու և այն ռեսուրս կենտրոնի վերածելու առումով: Այդ համատեքստում Անդրեասյանը կարևորել է Չինաստանից գործուղված ուսուցիչների գործունեությունը, որոնց ներկայությունը փոխում է դպրոցի միջավայրը:
Նախարարն առաջարկել է զարգացնել համագործակցությունը նաև սպորտի ոլորտում, մասնավորապես՝ դիտարկել Հայաստանում հայ-չինական բարեկամության սպորտային մարզահամալիր կառուցելու հնարավորությունը, որը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ համատեղ մարզումների, մարզիչների և մարզիկների փորձի փոխանակման և սպորտային ծրագրերի իրականացման համար:
Դեսպանը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում չինական կողմը պատրաստ է հետագայում ավելացնել ՀՀ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակային տեղերը ինչպես միջպետական համաձայնագրի, այնպես էլ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության շրջանակում: