ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակների հնարավորություն՝ Սաուդյան Արաբիայում սովորելու համար

Սաուդ արքայի համալսարանը Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Կրթաթոշակային ծրագրի շրջանակում դիմորդները կարող են բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալ հետևյալ մասնագիտություններով՝
1. Քաղաքագիտություն
2. Իրավունք
3. Մանկավարժություն
4. Բիզնեսի կառավարում
5. Տնտեսագիտություն
6. Ճարտարագիտություն և բնական գիտություններ
7. Համակարգչային գիտություններ
8. Գյուղատնտեսություն
9. Շարիաթ և արաբերեն լեզվի դասավանդում
10. Լրագրություն

Հումանիտար մասնագիտություններով ուսումնառությունն իրականացվելու է արաբերենով, բնագիտական մասնագիտություններով՝ անգլերենով:

Բակալավրի կրթական ծրագրին և արաբերեն լեզվի դասընթացին կարող են դիմել 17-25 տարեկան, մագիստրոսական կրթական ծրագրին՝ մինչև 30 տարեկան, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրին՝ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Ընդունելությունն իրականացվելու է մրցութային կարգով ՍԱԹ-ի կողմից՝ դիմորդների միջին որակական գնահատականի հիման վրա՝ համաձայն յուրաքանչյուր համալսարանի հատկացրած տեղերի և ներքին կանոնադրության:

Կրթաթոշակային ծրագրին դիմել ցանկացողները պետք է գրանցվեն ՍԱԹ կրթության նախարարության «Սովորիր Սաուդյան Արաբիայում» առցանց հարթակում՝ https://studyinsaudi.moe.gov.sa/ և այդ մասին տեղեկացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը (հեռ.՝ +374 10599646):