ԳլխավորԼուր

Նոր կոմիտեն ուղիղ մասնակցություն կունենա բուհերի խոշորացման գործընթացում. Ժաննա Անդրեասյան

Կկազմավորվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե` Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա, այս փոփոխությունը նպատակ ունի միասնական քաղաքականության իրացման հենք ապահովել ոլորտում:

Այս մասին այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ հերթական նիստում, որտեղ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

«Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, եւ գիտությունն էլ, իր հերթին, պետք է անպայման համադրված լինի եւ կապեր ունենա կրթական ծրագրերի հետ։ Եվ կարծում ենք, որ այսպիսով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումն ու իրացումը դարձնել իրականություն։ Կարծում եմ, որ սա կլինի նաեւ լավ հիմք «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի ընդունման համար»,- ասաց նախարարը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյոք նոր միացյալ կոմիտեն չունի՞ շահերի ներքին բախում թե´ որակավորման գործընթացի, թե´ գիտական քաղաքականության իրագործման առումով:

«Քաղաքականություն մշակող մարմինը մնում է ԿԳՄՍ նախարարությունը, շահերի շփոթ, բախում չենք կարող ունենալ: Աստիճանաշնորհման գործընթացը պետք է իրականացնեն բուհերը, այնպես որ՝ համակարգը տեսանելի է»,-պատասխանեց Ժաննա Անդրեասյանը:

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ հարցրեց. «Մի քանի օր առաջ կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի գործունեության մասին որոշումը: Ինչո՞վ են դրա գործառույթները տարբերվելու Գիտության կոմիտեի գործառույթներից»:

Նախարարի խոսքով` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն ունի կոնկրետ գործառույթներ` կապված «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախապատրաստման, մշակման, իրացման, համակարգման և հետագա կառավարման հետ կապված: Ինչ վերաբերում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, այն, ըստ Ժաննա Անդրեասյանի, իրականացնելու է ոլորտում ամենատարբեր ծրագրերի մշակման, համակարգման աշխատանքներ, համագործակցելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հետ.

«Հաշվի առնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի մեծածավալ լինելը, անհրաժեշտ է, որ մենք մեծ ծավալի շինարարություն, ենթակառուցվածքների ստեղծում իրականացնող կառույց ունենանք: Կոմիտեն ուղիղ մասնակցություն կունենա բուհերի խոշորացման գործընթացում, որը կմեկնարկենք առաջիկայում: Դա կլինի մասնակցային բաց գործընթաց, կհրավիրենք բուհերին, գիտական կազմակերպություններին` ներկայացնելու կոնցեպտուալ առաջարկներ այն մասին, թե ինչպես են պատկերացնում բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների միավորումը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն համակարգելու է այդ աշխատանքները, հետո արդեն ուղղորդելու է խոշորացված կառույցների տեղափոխման պրոցեսը»,-ասաց նա: