ԳլխավորԼուր

Գալստյանը կասկածում է, որ Գիտությունների ակադեմիայի կարծիքը հաշվի է առնվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱԺ հերթական նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նախագծում ներառված են երկու դրույթներ, որոնք վերաբերում են ԳԱԱ գործունեությանը, ընդ որում, այդ դրույթները ներառվել են հենց ակադեմիայի առաջարկով.

«Առաջինը վերաբերում է կառավարության որոշմամբ ԳԱԱ կանոնադրության փոփոխությանը, ինչը թույլ կտա իրականացնելու բարեփոխումների գործընթաց, իսկ երկրորդ դրույթը վերաբերում է ԳԱԱ ղեկավար կազմի սահմանմանը, այդ թվում` տարիքային սահմանափակման առաջադրմանը ղեկավար կազմում ընդգրկվելու համար. տարիքային այդ շեմն, ըստ առաջարկի, 75 տարին է»,-ասաց նախարարը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, արձագանքելով նախարարին, հարցրեց. «Մենք ունենք «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենք», արդյո՞ք այս օրենքի սահմանում չէ, որ պետք է նման հիմնարար խնդիրները համակարգային դիտարկվեն, այլ ոչ թե կրթության, գիտության ոլորտային մեկ օրենսդրական ակտում»:

Մինասյանին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ խոսքն ամենևին էլ ոլորտի ամբողջական կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխության մասին չէ.

«Սա այդ ամբողջական փոփոխության մեջ այն միջանկյալ գործիքն է, որը պետք է հնարավորություն տա գնալ ամբողջական լուծման, ամբողջական լուծումը լինելու է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որտեղ մանրամասն պարզաբանված են լինելու թե´ ակադեմիայի, թե´ գիտական կազմակերպությունների, ինչպես նաև բուհերի գործառույթները, փոխառնչությունները, ոլորտի կառավարման համակարգն ամբողջությամբ, և ձեր հարցերի պատասխանն այդ ամբողջական օրենքում է լինելու»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ կասկածում է ԳԱԱ ներգրավվածությանը առաջարկվող նախագծում. «Առաջարկվող նախագծում ԳԱԱ կառավարման մոդելում և գործող «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում խիստ հակասություններ և իրավական անորոշություններ կան»,-նկատեց նա:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` բավական է վերցնել ԳԱԱ կողմից ստացած պաշտոնական նամակը, որում հենց նշյալ դրույթներն են և հենց այն տեսքով, որով տեղ են գտել օրենքի նախագծում: Նա հայտարարեց, որ Գալստյանի ելույթը բովանդազուրկ է, ու չի ուզում դրա վրա ժամանակ վատնել։

Մանրամասները՝ տեսանյութում։