ԳլխավորԼուր

Անդրեասյանը Վիկտորինին է ներկայացրել արցախցի երեխաների հարցը

Ժաննա Անդրեասյան, Անդրեա Վիկտորին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Եվրոպական միություն-Հայաստան կրթական երկխոսություն» թեմայով քննարկման ժամանակ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների խախտման հարցը՝ պայմանավորված Լաչինի միջանցքի փակմամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Լեռնային Ղարաբաղի մի շարք երեխաներ այժմ գտնվում են Հայաստանում և արդեն տևական ժամանակ է՝ զրկված են իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից: Մենք, իհարկե, այստեղ փորձել ենք ապահովել նրանց կրթության իրավունքը. երեխաները Երևանում և Գորիսում հաճախում են դպրոցներ, նաև մանկապարտեզ, ուսումնարաններ: Բայց սա ճիշտ իրավիճակ չէ, ու բոլորս էլ հասկանում ենք, որ երեխաները հնարավորինս շուտ պետք է ընտանիք վերադառնալու հնարավորություն ունենան: Էլ ավելի մտահոգիչ է այն, որ Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված է սննդի մատակարարման անհնարինության պատճառով: Մտահոգիչ է նաև, որ դպրոցներում չեն գործում երկարօրյա խմբերը:

Բոլորիս համար օրվա խնդիր է դառնում առաջին հերթին ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումը: Հուսով եմ՝ համատեղ ջանքերն այս հիմնարար իրավունքների ապահովման առումով ևս կունենան արդյունք, թեև իրավիճակն արդեն շատ երկար է ձգվում: Մենք իսկապես շատ անհանգիստ ենք, որ արդյունքները լինեն բավարար, և օր առաջ կարողանանք վերականգնել մարդկանց տեղաշարժը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի խոսքով՝ իրենք ուշադրությամբ հետևում են Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: «Ճանապարհը պետք է անպայման բացվի»,- ընդգծել է Անդրեա Վիկտորինը՝ հույս հայտնելով, որ բանակցությունները դրական արդյունք կտան:

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Արցախցի մոտ 270 երեխաներ չեն կարողանում վերադառնալ տուն։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Գազամատակարարումը կրկին ընդհատվել է հունվարի 17-ին, ժամը 13-ին։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։