ԳլխավորԼուր

Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 192 զոհ

Ադրբեջանցի զինվոր

Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմն ունի 192 զոհ, որոնք ՊՆ զինծառայողներ են, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ զոհվել է 1 քաղաքացիական անձ։ Վիրավորվել է 511 զինծառայող և մեկ քաղաքացիական անձ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Այս պահին հայտնի է հայկական կողմից առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ  քաղաքներից ու գյուղերից սկսվեց բնակիչների տարհանումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր (Հումանիտար կայան)։

Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզում՝ Վայքում, բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։

Սեպտեմբերի 27-ժամը 12։00–ի դրությամբ 47 115 մարդ է անցել Հակարիի կամրջով՝ Արցախից Հայաստանի Հանրապետություն։