Արցախից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։
4002 անձ է օգտվել պետության ընձեռած կացարաններից, սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է։
Նա ներկայացրեց կացարաններից օգտված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․
- Սյունիք — 1465
- Վայոց ձոր — 810
- Գեղարքունիք — 976
- Տավուշ — 298
- Արմավիր — 200
- Արագածոտն — 30
- Շիրակ — 203
- Կոտայք — 20
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Այս պահին հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։
Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ քաղաքներից ու գյուղերից սկսվեց բնակիչների տարհանումը։
Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր (Հումանիտար կայան)։
Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզում՝ Վայքում, բացվել է Արցախից տեղահանված անձանց ընդունելության 2-րդ կենտրոնը։