ԱրցախԳլխավորԽճանկար

Աննա Մեկունց. Արցախյան վերջին օրերի օրագիրը

Աննա Մեկունց

…Սոված դիակներ են քաղաքում քայլում, ու իրար մսից հաց հունցում,
Քաղաքում անկուշտ հոգիներ են մեռնում ու իրար չեն սիրում.
Մի տեսակ խղճում եմ մայթերն այն,
որոնք միանման քայլահետքով են պատվում,
ու չեն տարբերվում…

…Նրանցից ովքեր իրականում ոչ մի տեղ չունեն գնալու, կամ նրանց ոչ ոք չի սպասում։
Ես գլխակորույս փախչել եմ ուզում, այնտեղ, որտեղ իմ «Ինձը» չի կործանվում…
Որտեղ ինձ հետ մի «դու» է ապրում  իմ ես֊ին շատ նման,
Ու փրկում է քաղաքն ու ինձ՝ սպանող փամփուշտից,
Սոված դիակներին կերակրում  հույսով…
Ու Վերածնունդ գոռում հոգու ուժով …

***

Ար-Ցախ

Սեպտեմբերի 15, 2023 թ.
Բլոկադա.
Օ՞ր…
(եսի՞մ…)

Եղբայրս պիտի գնար սահման։
Հիշում եմ, որ այդ օրը խոսում էին տղերքով (սահմանի), ու մտածում էին՝ բլոկադա է, ինչո՞վ պիտի սնվեն, որ սարերի մեջ դիմանան։
Հայրենիքը պահել էլ պետք։
Դա էլ մի կողմ, ախր ոտքով էին քաղաքից հասնում սահմաններ։

Սեպտեմբերի 19, 2023 թ.

Առավոտյան ավագ եղբայրս գնաց պոստ։
Փոքրը մի քանի օր էր, ինչ այնտեղ էր։

Ժամը 12։30։
Մորս հետ նստած ենք հյուրասենյակում.
-Մի կինո քցի, յեշինք
(Ֆիլմ միացրու, դիտենք)

-Մամի,֊դիմեցի մորս,֊
Ինտերնետ չկա…

Հանկարծ պայթունի ձայն լսվեց՝ տան մոտակայքում։
Մեկ…
երկու…

-յերկա՛ց… սկսվալա,֊ հանգիստ ասաց մայրս։

-հու՞նց յանի… Կռէվա՞…

Վազեցինք դեպի լոգարանը, քանի որ տան ամենաապահով հատվածն է։
Իսկ պայթուններն այնքան մոտ էին, կարծես բակում է պատերազմ ընթանում։

-… քշա՛ց. (իջիր)
Շյու՛տ ըրա։
Քինամնք պադվալ։

Մի տեսակ չվախեցանք։
Հոգեպես երևի արդեն պատրաստ էինք, որ պիտի մահանանք, ինչու՞, որովհետև գնալու տեղ չկար։
Փախչելու տեղ չկար։

Նկուղում ենք։
Ռմբակոծում են։
Խոնավության, կեղտի, ցրտի մեջ մարդիկ շնչակտուր են լինում, աղոթում Աստծուն մեր տղերքի համար, լացում իրենց հայրենիքի, իրենց պատմության, իրենց գոյության պատճառով։ Մեղադրում են իրենք իրենց, որ չմտածված, բայց ծնվել են Արցախում, ու մեղավոր են ամեն վայրկյան սահմանին զոհված տղերքի համար, որովհետև այնտեղ զոհվում են, որ այստեղ նկուղում, կյանքը չպակասի։

Աննա Մեկունց

Ծնողները վախեցած, լացակումած, շփոթված ու մոլորված փոքրիկներին դպրոցներից բերում ու լցնում էին նկուղներ։ Կային մարդիկ, ովքեր նկուղից նկուղ ման էին գալիս՝ հարազատի փնտրտուքներով։

Քաոս էր սկսվել։
Ողբ էր տիրում։
Գիտակցում կար՝ մահվան եզրին ենք։
Ու հաստատ, այս պատերազմում, կրկին անգամ Հայը մնալու էր մենակ։

-Աստված իմ… տղե՜րքս, -բարձրաձայնեց մայրս։
Ամենացավոտ զգացողությունն էր, երբ նայում ես ծնողիդ աչքերի մեջ, ու հասկանում, որ նա փորձում է ուժեղ ձևանալ, բայց իրեն անզոր է զգում։ Սարսափելի է, երբ ամբողջ հոգով ցավող ծնողիդ չես կարողանում օգնել, չես համարձակվում մոտենալ ու գրկել, որովհետև զգում ես, որ կես մարդ է դարձել, որ առաջվա ուժը չկա, բայց հանուն իր աղջկա դեռ պինդ է մնում, ու չի ցուցադրում իր անճարությունը։

Առաջին լուրը, որ ստացանք նկուղում՝ հարևանի մոր մահվան լուրն էր։
Հետո իմացանք, որ մեր թաղամասից միանգամից երեք կին է պատերազմի զոհ դարձել։
Թաղի տղերքից լուր չկար։
Եղբայրներիցս նույնպես։

Նկուղում, մթության մեջ նստած, կանայք աղոթում էին արցունք աչքերին։

Երբ օրը մթնեց՝ մոմերը վառվեցին։
Ես ու մայրս բարձրացանք տուն։
Կեսգիշերին, երբ անընդհատ ռմբակոծություն էր օդում, պայթունների տակ ես ու մայրս տան մի անկյունում, պինդ գրկել էինք իրար ու պառկել։
Ես իմ փոքրիկ մարմնով փորձում էի մորս պաշտպանել։ Իսկ ինքը՝ իր մարմնով ինձ էր ծածկել՝ ապահովության համար։

Ամբողջ գիշեր մայրս փորձում էր կապի դուրս գալ իր որդիների հետ։
Չէինք քնում։
Ժամերը հավերժություն էին թվում, ու տպավորություն էր, որ դժոխք ենք ընկել, քաոսը կուլ էր տվել քաղաքին։

Կապ չկա։
Նորություն չկա։
Մի կերպ լույսը բացվեց, կարծես մի ամբողջ դար մթության ու պատերազմի մեջ էինք…

«Զարմանալի ուժեղ կին է մայրս»,- անընդհատ մտածում էի ես, ու ապշում, որ գոնե մեկ վայրկյան չի թուլանում, չի լացում, չի բողոքում, ձայն չի հանում, որ թեթևանա։

Լռություն էր տիրում։

-Մամ… սրանց լռությունը ինձ լյավ պեն չի հուշում։
-հա… ինձել։
Շուշիի պատմություննա կրկնվում։
Ամբողջ գիշեր ռմբակոծել են, առավոտյան լռություն էր։
Պարզվեց՝ հանձնել են Շուշին։ Ես ու ընկերներս դեռ էնտեղ…
Ու հիմա սա…

Աննա Մեկունց

Մայրս կազմ ու պատրաստ սպասում էր. ամեն պատերազմի սկզբին մորս հետևից էին գալիս պարտադիր, վիրավորների էր օգնում, հանում, տեղափոխում հիվանդանոց։ Հազարավոր մարդկանց կյանք է փրկել։ Ու հիմա էլ շտապում էր, որ տղերքից հանկարծ չպակասեն։

-Ախր, չեմ հասկանում, ինչի՞ չեն գալիս։
Ու՞մ են սպասում։
Ես հիմա որտեղի՞ց մեքենա գտնեմ, որ գնամ հասնեմ մերոնց։

-Մամ, գոնե էս անգամ մտածիր իմ մասին։
Գոնե հիմա ինձ մի թող էստեղ, անհայտության մեջ ու մենակ։
Մնա ինձ հետ։

-Չեմ կարող, բա մերո՞նք։
Բա տղերքը՞ս։

***

…Սեպտեմբերի 20֊ին, իմացանք, որ Արցախի լիքը տարածքներ արդեն շրջափակման մեջ են:

Թաղավարդի մասին պատմում էին, որ կային անհայտ կորած ընտանիքներ։ Ասում էին՝ Մարտակերտը արդեն գրավել են։ Ասկերանը՝ շրջափակման մեջ է։
Ու թուրքերը հասել են արդեն Առաջաձոր ու Վանք։
Արցախը բաժանված էր մասերի, ու բոլոր մասերը շրջափակված էր թշնամիներով։

Վախ չկար սեփական կյանքի կորստի հանդեպ։ Վախ կար՝ հարազատի կորստին չդիմանալու, անհայրենիք մնալու։
Նկուղ այլևս չենք իջել ես ու մայրս։
Եթե պիտի տունը թողնեինք թուրքին, գոնե վերջին օրերը ուզում էինք մնալ մեր տան գրկում, ներողություն խնդրելով տան պատերից, որ հավատարիմ չմնացինք իրեն։

Լույս էլի չկար։
Գազ չկար։
Ջրերը կտրել էին։
Տալուց էլ՝ սալյարկայի համն ու հոտը խեղդում էր, անհնար էր խմելը։
Պատշգամբում փեչ էինք դրել։
Հարևանները խմորը ձեռքին ամեն օր գալիս էին, որ փեչի մեջ հաց թխեն, տանեն նկուղ, գոնե չոր հացը լիներ, որովհետև երեխաները սոված էին։
Բակում մարդիկ «самовар» էին միացրել։
Ծառի տակ, նստարանների ու սեղանի մոտ հավաքվում էինք, ու թեյում…
Հաց կիսում…
Նորություններ հավաքում մեկս մյուսիս մասին

Թաղի տղերքը դեռ կապի դուրս չէին գալիս։ Ավելի ուշ իմացանք, որ շրջափակաման մեջ են։
Մայրս դեռ իր տղաներից նորություն չուներ, շարունակում էր լուռ մնալ…
Մեղադրում էր իրեն, որ չի գնացել։
Մեքենան չի եկել իր հետևից։ Այլ մեքենա չկար, որ հասներ տղերքի մոտ։

Մեզ համար սովորական կյանքը դա պատերազմական մթնոլորտում թեյելու մեջ էր։
Վստահ էինք՝ մերոնք կպահեն հողն ու հայրենիքը։
Սակայն ներքուստ գիտեինք, որ սա վերջն է…

***

…Ինչ որ մի հեռու կետից լսվում էր կրակոցների ձայն ։
Լռում էինք…
Լացում էինք…
Աղոթում էինք…
Ես նայում էի մնացածի մայրերին, ովքեր անընդհատ սգում էին, աշխարհին հայտատարում, որ իրենց երեխաներից նորություն չկա, ամուսիններին հրամայում գտնել իրենց երեխաներին ու բերել տուն։
Հետո մորս էի նայում՝ ով մենակ էր, չուներ ոչ ոքի, ում կողքին գոնե մի հասուն տղամարդ չկար, ով կպշատպաներ իրեն։
Անքնությունից կարմրած ու հոգնածությունից ուռած աչքերը լցված էին, բայց շարունակում էր ամուր մնալ…
Իսկ ես շարունակում էի մտքիս մեջ մտորումների մեջ խելագարվել.

— Ինչքա՜ն ուժեղ կարող է լինել մոր սիրտը…

Ավտոմեքենաներով հեռանում են Արցախից, Ստեփանակերտ, 2023 թ. սեպտեմբեր

Թաղամասում խուճապ էր։
Մարդիկ խոսում էին, որ թուրքերը արդեն քաղաքի ճանապարհին են, քաղաք են մտնում։
Չգիտեմ որտեղի՞ց էր լուր տարածվել, թե պիտի ընտանքիներով իջնենք օդանավակայան՝ այն հույսով, թե ռուս խաղաղապահները, գոնե այնտեղ խաղաղ բնակիչների ապահովության մասին կմտածեն։
Ես չէի հավատում…
Մինչդեռ բոլորը բառիս բուն իմաստով հավաքում էին իրենց իրերն ու սեփական մեքենաներով մեկնում օդանավակայան, ես ու մայրս նստում էինք տանն ու հույսով սպասում տղաներին.

-Աստված մեծ է, մի նորություն կլինի, մի բան կանենք… տղերքը կգան…
Պիտի գան.։
Տունը մաքուր էինք պահում։ Մաքրում էինք, որովհետև ենթագիտակցորեն չէինք հավատում վերջին, ու երբ հարևանները գալիս տեսնում էին ինձ հատակ լվանալիս այն ժամին, երբ օդում ռումբեր են պայթում, կատակի տալով ասում էին.

-Մաքրի՛, մաքրի, որ գոնե, եթե հանկարծ տուն մտնեն մորթելու՝ չասեն, էս ի՜նչ կեղտոտ են էս հայերն ապրում։

***

Խուճապը անընդհատ շատանում էր։ Տղամարդիկ վազվզում էին զենքերն ուսերին գցած։ Օդում կրակոցներ էին։
Մեր բակի Մասյոն, ով իր ամբողջ կյանքը համարյա թե անց է կացրել բանտում, բայց իրականում, մերոնց ասած անմեղսունակ գառնուկի էր նման, զենքն ուսին գցած, սիգարետը ծխելով, ասաց.

-Ասումն թորքերը սաղ երըն կալալ։
Էնն տարահանումըն ռայոնի բնակիչներին։ Կեսից շատը էնա աերոպորտումը։ Պրծեք, կարևոր թղթերը յեր կալիք, քշանանք։

-Թա՜ղիմ ես թորքերին…

-Վա՜յ… էս հինչ օր ընգինք։
-հու՞վ կմտածեր, վեր թորքը կկյա հսնէ Ստեփանակերտ…

-Հադրութեցուց աչքնա երևի… մէզ շատ անեծք տվեցին։ Ասեցինդե Հադրութս վեր տվալա, քաղաքը հինչույա՞ պահում։

-Բալա…էս յանի, բեզպիլոտնիկին տակին, վեննավ աերապորտ քշանա՞լ կինի…էս քյորփա խոխոցը նհետ։ Պա վեր մի պեն ինի …

Պանիկան շարունակվում էր, իսկ ես ու մայրս կես մարդ դարձած այն փաստից, որ թուրքը հասնում է քաղաք, իսկ տղերքից դեռ լուր չկա չգիտեինք ո՞ր հատվածում ու ո՞ր պոստում փնտրենք մերոնց, ու փորձենք գոնե իմանալ՝ լա՞վ են…հո վիրավոր չե՞ն…
Մորս աչքերը կարմրած ու տանջված էին։ Զգում էի, թե ոնց է իր ներսում անճարությունից խելագարվում, մեղադրում ինքն իրեն, որ տղերքի հետ չէ։ Բայց ի՞նչ աներ ախր։
Ես այստեղ մենակ էի։ Տղերքը կռվում էին։ Քանի՞ մասի բաժանվեր, ո՞նց վարվեր։
Հետո մարդիկ սկսեցին գնալ սեփական մեքենաներով դեպի օդանավակայան։ Քանի գնում դատարկվում էր բակը։ Ու ես կանգնած նայում էի ոչ կիսատ ընտանիքներին, որտեղ կանայք ամուսիններ ունեին, և երեխաները ունեին հայր, ով հոգում էր իրենց մասին։

Նայում էի մորս ու գիտակցում՝ այս պահին մենք միայն Աստված ունենք։ Եվ մեր օգնականը Տերը պիտի լիներ իր կամքով, որովհետև ոչ մեքենա կար, որ դուրս գնայինք, ոչ կարող էինք դուրս գալ առանց տղերքի, ոչ էլ մնալն էր մի բան։

Հեռվից ձայներ լսվեց հանկարծ.
Համազգեստ հագած տղերքը վազելով հասան շենքի աստիճանների մոտ ու շնչակտուր խոսեցին.

— Վերջն է…
Թուրքերը հասել են թաղամաս։
Մորթելով քաղաք են մտնում, ու մեր տան մոտակայքում են արդեն…
Փախե՜ք…
Փախե՜ք…

Այն ժամանակ, երբ բոլորը իրենց ընտանիքներով փախչում էին (թե ու՞ր՝ ես էլ չգիտեմ, որովհետև շրջափակման մեջ ենք), մա՜յրս, ով առանց ամուսին է իր երեխաներին մեծացրել, տասը տարի միայնակ Շուշիում տուն դրել ու կորցրել,  միայնակ երեխաներ մեծացրել, կրթել ու դաստիարակել….ու հիմա էլ այս տունն է թողնում թուրքին,  մայրս մնացել էր մենակ ինձ հետ, չիմանալով թե որտեղ են իր տղաները՝ ո՞ղջ են արդյոք, մեռած ե՞ն…գնա՞նք, փախչե՞նք… ախր ու՞ր գնանք…

Ես հասկացա, որ մենք մենակ ենք մնացել այս կյանքի կռվում։ Ու Մահը կարող էր ամեն վայրկյան կուլ տալ մեզ իր մեծ դնչով։ Որովհետև փախչող մարդկանց ամբոխի աչքին չէինք երևում մայր ու աղջիկ։ Ամեն մեկը իր փրկության մասին էր մտածում։ Ամեն մեկի համար իր վերցնելն ավելի կարևոր էր, քան մարդկային փրկելու կյանքը։

Անճար էի…
Գիտակցում էի՝ քարացել եմ։
Ոչինչ այլևս չեմ զգում։
Եթե թուլանայի, խելագարվելու էի, ու Կոմիտասի բախտին արժանանայի։
Չգիտեի, թե ինչպես մի օրում Դրախտը Դժոխքի վերածվեց, մութը պատեց արևին, ու կուլ տվեց խաղաղությանը։
Մտքում կրկնում էի, որ ես քնած եմ, որ սա շուտով պիտի ավարտվի։
Անձայն ճչում էի։
Բերանս բացած ճչում էի ցավից, պոկում մազերս ու եղունգներս, ու վախենում ինքս իմ վիճակից, ինքս ինձնից։
Նստել էի աստիճաններին, աղոթք էի անում, խաչակնքվում ու ասում՝

-Հայր մեր, որ երկնքում ես…
Սուրբ թող լինի անունը Քո…
…և եթե կամքը Քո սա է, և սա է վերջը մեր, թող որ մահանամ քո կամքով…
Ամէն.
Պինդ գրկել էի խաչս ու սպասում էի մահվան գալիքին։

Եղբորս ձայնը փոխեց ամե՜ն բան։
Օրերով կորած ավագ եղբայրս կանչեց՝
-Մա՜մ….

Վազեցինք իր մոտ։ Երբ գրկեցի նրան, անկախ ինձնից արցունքներս հոսեցին։
Եկել էր ողջ, առողջ։

Զինվորական հագուստը հրաման էր ստացել փոխելու ու քաղաքացիական հագուստ հագնելու։
Մինչ եղբայրս մթության մեջ, փեչի վրա դույլով տաքացրած ջրով լոգանք էր ընդունում, այդ ընթացքում ես ու մայրս քրքրում էինք տունն ու վառում բոլոր զինվորական պարագաները, սկսած հագուստից մինչև պատվոգիր ու մեդալ։
Իսկ մորս մեդալներն ու պատվոգրերը շատ-շատ էին։ Հիշում եմ, որ ամեն անգամ պատվոգիր կամ մեդալ տեսնելուց մորս ձեռքին շարք էինք կանգում փոքր ժամանակ, պատիվ տալիս հպարտությամբ ու երեքով կրկնում.

-Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, տիկին ավագ ենթասպա։

Ու հետո հռհռում էինք միասին։
Իսկ հիմա պիտի վառենք, վառենք ամեն ինչ, վառենք այդ հպարտությունը, այդ հուշերը, մորս ամբողջ ապրած կյանքն ու ձեռքբերումները, հիշողությունները, նկարները, որտեղ մայրս իր զինակրցների հետ է…

Ինչքա՜ն ցավոտ է…
Ի՜նչ դաժան է։

Ես միշտ ասում էի, որ մայրս ուժեղ կին է։ Բայց այս անգամ վերջնականապես համոզվեցի։
Միշտ լուռ էր, երբեք ոչ ոք գլուխ չի գովացել իմ ընտանիքից, որ հայրենիք է պաշտպանում, կամ կռվի է մասնակցել։
4 պատերազմ տեսած մայրս մինչև վերջ մնաց իմ իմացած ուժեղ Կինը։
Ես հասկացա, որ մայրս աշխարհի ամենաուժեղ կինն է…

Մենք թափեցինք զինվորական ամեն բան, վառեցինք ամեն ինչ, ու ուղղակի լուռ նստեցինք տանը։
Ամեն մեկս լացում էր իր մեջ։
Ամեն մեկս թաքուն էր ողբում։
Եղբայրս էլի գնաց։
Մնացինք էլի երեքով
Ես, Մայրս, ու Աստված…
Փոքր եղբորս դեռ գտնել չէր հաջողվում։
Փողոցներով քայլում էի, բարձր խոսելով իր հետ, թվում էր թե արդեն հոգեկան հիվանդի եմ վերածվել.

-Ախր շտեղըս… շտեղը՞ս։
Սպասում ենք քեզ։
Տու պիտի կյաս։
Սանչ, ցավըդ տանիմ բալա՜ս, խնդրում, կապի տուս յեկ։
Սա՜նչ…

Սեպտեմբերի 22֊ին, ուշ երեկոյան փոքր եղբայրս հաղորդագրություն գրեց.
«Մամ, լավ եմ։ Մի մտածիր»։

Խաղաղվեցի։
Էլի հասկացա, որ Տերը լսում է ինձ։
Նստած պաշտգամբում, վառարանի մոտ, հույսալցված, բայց նաև ջարդուխուրդ եղած հոգով նայում էի երկնքին ու խոսում Աստծո հետ։
Հիշում եմ, որ փոքրիկ մոմեր էի հերթով վառում գիշերներին, չէինք քնում։ Ու մթությունն էլ այդ քաոսի մեջ ավելի էր ճզմում մեր սրտերը։
Հանկարծ խամրած երկնքում մի փոքրիկ աստղ տեսնելուց՝ էլի հավատքով ես ու մայրս երազանք էինք պահում Խաղաղություն անունով։

Սեպտեմբերի 23֊ին, առավոտ էր, երբ փոքր եղբայրս տուն եկավ։
Երբ ներս մտավ սենյակովս ու ինձ ամուր գրկեց, ես կրկին համոզվեցի, որ երբ տղաները կռվում էին, տանը մնում էինք ոչ թե երկուսով, այլ երեքով.
Ես, Մայրս, ու Աստված։

Առավոտյան փորձեցինք խոսել հարևանների հետ։
Քիչ մարդ կար։
Բոլորը օդանավակայան էին իջել վախից։
Գնացինք կողքի բակ։
Այնտեղ մարդիկ անհոգ, անվախ տեսք ունեին։
Բակում առաջին հարկի հարևան Ռոբիկը «движок»  էր միացրել։Ու հարևանները կույտերով հավաքվել էին, որ հեռախոսները լիցքավորեն ու կարողանան գոնե մի նորություն իմանալ, կապի դուրս գալ արտաքին աշխարհի հետ։

Արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանի մոտ. 2023 թ., սեպտեմբեր
Արցախցիները Ստեփանակերտի օդանավակայանի մոտ. 2023 թ., սեպտեմբեր

Նստեցինք, խոսեցինք հարևանների հետ։ Պարզվում է՝ իրենց տղաներից էլ մինչ օրս նորություն չկար։ Չգիտեին, թե որտեղ են։
Մեկը դասարանցիս էր…
Մյուսը դասարանցուս ամուսինը։
Երրորդը` բակում մեծացած տղա…
Չկային։

Կրակոցները շարունակվում են մոտենալ իրենց սպանող ձայնով։ Օդում օդային տագնապը խեղդում է արդեն իր անտանելի ոռնոցով։
Մարդիկ այլևս չեն իջնում նկուղ։
Հարմարված են։
Կարծես թուլացել ու հոգնել են ուժեղ մնալուց։
Քիչ էինք մնացել։ Որովհետև կեսից շատը օդանավակայանում էր, մի կեսը՝ հրապարակում։
Քաղաքում շարունակում էին տարհանել գրավված շրջաններից անտուն մնացած մարդկանց, իսկ քաղաքացիներին Ստեփանակերտի, ասում էին
— Տուն գնացեք։ Թուրքը դեռ Ձեզ չի հասել։

Տպավորություն էր, որ սպասում են թուրքը մեզ հասնի, ու նոր գործի անցնեն։
Մարդիկ վախից ճամպրուկները վերցրել՝ ոտքով հասնում էին հրապարակ, հույսով, որ ավտուբուս կհայտնվի կամ ավտոբուսում գոնե մի տեղ իրենց համար կգտնվի։ Սակայն ոչ։
Քաղաքացիներին հրամայում էին սպասել, մինչև որ շրջանները չտարհանեն։ Ու մարդիկ գիշեր ու ցերեկ, մի ճամպրուկի վրա նստած փողոցի կենտրոնում, վարար անձրևների տակ, սպասում էին…
Սպասում էին, որ փրկվեն…

Սարսափելի տեսարաններ էին։
Պապիկը (իմ չէ, բայց իմը համարեցի) նստել էր ու լաց էր լինում։
Իմանաս, որ 80 տարի հայ ես եղել, ապրել ես հայկական հողում, տունդ կառուցել ու չարչարվել, որ սերունդդ ապրելու ու արարելու տեղ ունենա, ու 80 տարեկան հասակում  նստես մի մաշված ճամպրուկի՞, համարյա մեր՞կ, անձրևի տա՞կ, անտուն ու փողոցի մեջտեղը՞…
Ահավոր էր…

Քաղաքով ընկած ման էին գալիս երկու փոքրիկ եղբայրների, հիշում եմ, որ մեկը 8 տարեկան էր, մյուսը կարծեմ 11֊12 տարեկան էր։ Երկար ենք փնտրել։ Բայց ցավոք, հետագայում պարզվեց, որ թուրքերը սպանել են նրանց։

Ասում էին, որ եղեռն էլ են կազմակերպել գյուղարանքներում։ Թվեր չեմ շեշտի։
Վիրավոր ու փրկված տղերքից մեկը՝ Սամվելը, պատմում է, որ իրենց զորքը շրջափակման մեջ մնացած, երկու օր չգիտեր, թե ո՞նց փրկվեր։ Ասում է՝ մի կերպ է կապվել իր հորեղբոր հետ, ու նա էլ ճանապարհ է բացատրել։
Սամվելը պատմում է.

-Մի կերպ զանգում տվալ ամիյին։ Ասալ վեր ձև չկա լի, կարում չընք տյուս կյանք։
Ճանապարհը բացատրալա, ասալ, առաջ եկիք, թորքը քամակա կացալ։
Առաջընք կացալ, տեսալ մեր տղորցը մեյդերը վերածած, սաղին սպնոտած։Օզալնք մի քանի հոգումը գոնե ինի մեզ նհետ պիրինք, էն էլ յեշալնք տեսալ թորքերը առաջն կյամ յիրա տալավ։ Նորից քամակնք կացալ։
Սպասալ, տեսնանք հինչք տեռնում։
Պատրոնն էլա խրեգ իլալ, թա կարգին բոյ տաս։ Սրանք էլ ասիս թա ներարկված ինին։ Թխումս, պուլյան նիյա կյամ, բայց ուրյանց հետ մինա։ Ասիս թե մարդ չն, զգում չն ցավ պեն։
Պիտի կոնկրետ կամ սրտին թխիս, կամ ճակատին, վեր արդյունք ինի։