Ուսումնառություն Հայաստանում

2020-ին կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կավելանա 900-ով

Հայաստանում նախատեսվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումները 2020-ին ավելացնել ավելի քան 263 մլն դրամով, կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը նախատեսվում է ավելացնել 900-ով: Այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020-ի պետական բյուջեի նախագծում ներառված է 21 ծրագիր և 176 միջոցառում, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 179 մլրդ 459 մլն դրամ` 2019-ի 158 մլրդ 886 մլն դրամի փոխարեն:  Պետական բյուջեից նախարարությանն ուղղված ծախսերը 2020-ին 2019-ի համեմատ ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով, ինչը կազմում է 12.9 տոկոս: Ընդ որում, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի  հատկացումներն ավելացել են 263 մլն դրամով կամ 2.5 տոկոսով, այդ թվում 900-ով կաճի կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը»,-ասել է Հարությունյանն ու հավելեց` ուսումնական վարկերի համար մշակված հատուկ վարկային ծրագրի շրջանակում վարկեր ստացած ուսանողների թիվը կավելանա մոտ 1500-ով:

Նախարարության բյուջեի ավելացումը պայմանավորված է նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրի հատկացումների ավելացմամբ` կապված ուսանողների թվի մոտ 6.5 հազար աճով, ինչպես նաև ոլորտում իրականացվող կապիտալ շինարարության ծավալների ավելացմամբ: Հաջորդ տարի նախատեսվում է վերակառուցել, հիմնովին նորոգել կամ կառուցել 8 գյուղատնտեսական քոլեջ:

Comment here