ԳլխավորԽճանկար

Այսօր Հելոուին է

Հոկտեմբերի 31-ին սկզբնական շրջանում հիմնականում անգլախոս երկրներում, այսօր արդեն եվրոպական, ԱՊՀ եւ մի շարք այլ երկրներում տոնում են Հելոուինը:

«Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվում է 16-րդ դարում որպես All-Hallows-Even («Բոլոր սրբերի երեկո») անգլիական արտահայտության շոտլանդական կրճատ տարբերակ։

Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան փոխարինել է դդումը՝ որպես ավելի մատչելի եւ ավելի խոշոր ու հեշտ կտրվող բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների կամ Ջեկի լապտերի պատրաստումը գրանցվել է 1837 թվականին։

Հին իռլանդական ավանդույթի համաձայն՝ Ջեկի լապտերը խորհրդանշում է հոգի, որը չի ընդունվել ոչ դրախտում, ոչ դժոխքում։

«…Տունդարձի ճանապարհին հարբեցող Ջեկը հանդիպեց սատանային, սակայն կարողացավ նրան մատերի վրա խաղացնել. Ջեկը խնդրեց անմաքուր ոգուն բարձրանալ ծառը՝ միրգ քաղելու, ու հենց նա հասավ սաղարթներին՝ Ջեկը ծառի բնի վրա խաչ փորագրեց՝ այդպիսով գերի վերցնելով սատանային ու իր համար արտոնություններ ստանալով։ Կյանքն անցկացնելով հարբեցողության եւ մեղքերի մեջ՝ Ջեկը մահից հետո չկարողացավ դրախտ ընկնել։ Խոստման համաձայն՝ սատանան եւս չտարավ Ջեկին իր մոտ՝ դժոխք, այլ միայն մի կտոր ածուխ շպրտեց նրան դժոխքի կրակից։ Այն ցուրտ գիշերը Ջեկը դրեց մլմլացող ածուխը դատարկ շաղգամի մեջ, որպեսի չհանգչի։ Ու այդ օրվանից թափառում է նա երկրի վրա՝ ոչ մի կերպ իր տեղը չգտնելով…»։

Հելոուինի ավանդական գույներ են նարնջագույնն ու սեւը։

Հայաստանում նույնպես տոնը վերջին տարիներին նշվում է։ Տարբեր ակումբներում կազմակերպվում են «Հելոուին Party»-ներ:

Հելոուինի նկատմամբ վերաբերմունքը շատ տարբեր է: Շատերն այս տոնը վտանգավոր են համարում: Հայ Առաքելական եկեղեցին կոչ է անում հրաժարվել օտարածին տոներից, այդ թվում՝  «սատանայական տարրեր պարունակող Հելոուինից» և խորհուրդ է տալիս փոխարենը նշել Բուն Բարեկենդանը: Ի դեպ, օրվա սովորույթներից է քաղցրավենիք խնդրելը: Երեխաները և մեծահասակները դիմակներով տնից տուն են գնում: Այդ սովորույթը հատուկ է նաեւ Բարեկենդանին։

Comment here