ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է քննություն հանձնել «Հայոց լեզու» առարկայից

Պետությունը բարձրագույն կրթության ոլորտում նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ, որոնցով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից:

«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը ներկայացրեց մի քանի կարևոր դրույթներ:

«Նախագծով պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական  ծրագրում սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, կրթական ծրագիր, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,-ասաց Հարությունյանը:

Նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցի 6-ը կլինեն բուհի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մեկը ուսանող, իսկ 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է: Սահմանվում են բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության և հասարակության առաջ:

 

Comment here