ԳլխավորԼուր

Կինոքաղաքից մինչև սպայական ավագ դպրոց և քոլեջ․ հրապարակվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը

Վարշավայի ակադեմիական քաղաքը (Լեհաստան)

ԿԳՄՍ նախարարությունը e-draft համակարգում հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ այդմ՝ այն բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան չորս խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝ Տեխնոլոգիական կլաստեր, Արվեստների կլաստեր, Կրթական կլաստեր, Սպայական կլաստեր:

Նախագծից տեղեկանում ենք, որ Տեխնոլոգիական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 14 500 ուսանողի և 500 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական, հետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 3 000 ակադեմիական կազմի աշխատակիցներ, վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում: Տեխնոլոգիական կլաստերը միավորելու է նաև Նյութագիտության և քիմիայի հետազոտությունների կենտրոնը, Ֆիզիկական հետազոտությունների կենտրոնը, Առաջատար սարքաշինության նախատիպավորման և տեխնոլոգիաների կենտրոնը,Գյուղատնտեսական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնը,Հաշվողական տեխնոլոգիաների կենտրոնը:

Արվեստների կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 2 000 ուսանողի և 200 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 900 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:

Արվեստների համալսարանը կազմվելու է ներկայումս Հայաստանում գործող արվեստի բուհերի հիմքի վրա, ընդ որում, դրան կարող են մաս կազմել նաև մշակութաբանական կրթական ծրագրերը։ Արվեստների կլաստերը միավորելու է նաև մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը՝ կազմավորված ոլորտի գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների հիմքի վրա, Արվեստների ավագ դպրոցը, որտեղ աշակերտներին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաև աշակերտներին հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները, ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահը, որը ծառայելու է թե՛ իբրև ուսումնական միջավայր, թե՛ իբրև թատերական ներկայացումների, կինոդիտումների, համերգների կազմակերպման արդիական հագեցված տարածք, Հայաստանի ազգային թանգարան-պահոցը, որը հանդիսանալու է ինչպես ժամանակակից ցուցասրահ, այնպես էլ Հնագիտական գտածոների և նյութերի արխիվ-պահոց։

Արվեստների կլաստերի տարածքում հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում, որը տարբեր ժամանաշրջանների ոճով կառուցված ու կինոարտադրության միջավայր ծառայող շենքերի ու փողոցների համախումբ է:

Կրթական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 15 000 ուսանողի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 1 400 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների թվաքանակը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում: Կրթական համալսարանը կազմավորվելու է ներկայումս գործող համապատասխան ուղղվածության բուհերի և կրթական ծրագրերի հիման վրա։ Ընդ որում, նախատեսվում է, որ կրթական համալսարանում էապես վերափոխվելու են ծրագրերը՝ կրթության ոլորտի արդիական տարբեր մասնագիտություններով ուսուցումն ապահովելու համար, ինչպես օրինակ՝ կրթական տեխնոլոգիաները, գնահատումը և հետազոտությունները։

Սպայական կլաստերի կառուցվածքը և հզորությունը կհստակեցվեն մասնագիտական քննարկումների արդյունքում:Սպայական համալսարանը նախատեսված է միասնական տրամաբանությամբ և ծառայության վերաբերյալ որոշակի միասնական սկզբունքների շուրջ կրթական գործընթացի կազմակերպման համար: Այն կունենա երկու բաղադրիչ (ֆակուլտետ, դպրոց կամ այլ կազմակերպական ձև)` արտաքին անվտանգային և ներքին անվտանգային: Սպայական կլաստերում գործելու է նաև Սպայական ավագ դպրոցը և քոլեջը։ Նույն կլաստերը կարող է միավորել նաև Կրիմինալիստիկայի և դատափորձագիտության հետազոտական կենտրոնը, Երկրաբանության և ռիսկերի գնահատման կենտրոնը:

Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվում է երկու տեղամաս` Երևանի 17-րդ թաղամասի տարածքը (Հիմնական տեղամաս) և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը (Պահեստային տեղամաս): Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է Հիմնական տեղամասով:

Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։ Ակադեմիական քաղաքի չորս կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով (ուսանողներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ), կա՛մ ծառայողական բնակարաններով (հիմնական դասախոսներ և ավագ մակարդակի հետազոտողներ):

Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թ. սեպտեմբերից և ավարտել 2025 թ սեպտեմբերին: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թ. դեկտեմբերին:

Հավելենք, որ նախագծի հանրայն քննարկման ժամկետը լրանում է օգոստոսի 7-ին։