ԳլխավորԼուր

Իջևանում երիտասարդական կենտրոն է բացվել

Իջևանում երիտասարդական կենտրոն է բացվել

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Նմանօրինակ 25 կենտրոնների շարքում առաջինն Իջևանի երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, կազմակերպվելու են զարգացնող, ժամանցային խաղեր և միջոցառումներ, առկա է նաև կինոդիտման հնարավորություն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով երիտասարդական կենտրոնի բացման կապակցությամբ, ընդգծել է՝ այս նախաձեռնությամբ պետությունը նպատակ ունի համայնքային մակարդակներում ապահովել երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման անհրաժեշտ միջավայր։

Երիտասարդական կենտրոնը կծառայի որպես հարթակ տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման և սոցիալականացման համար: Պետական բյուջեի միջոցներով նման կենտրոն այս օրերին առաջիկայում կբացվի նաև ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, իսկ մինչև տարեվերջ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում։

«Բոլոր լավ գաղափարները ծնվում են հենց միջավայրի առկայության արդյունքում: Կարծում եմ՝ այստեղ հրաշալի գաղափարներ են ծնվելու, և մենք բազմաթիվ լավ ծրագրեր ու նախաձեռնություններ ենք ունենալու, որոնք սկիզբ են առնելու հենց այս սենյակներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև Տավուշի մարզպետարանին, Իջևանի համայնքապետարանին և «ԼՈՖԹ» գործընկեր կազմակերպությանը համատեղ աշխատանքի համար, ինչը միտված է պետության հիմքերի ամրապնդմանը՝ երիտասարդների ներուժի գործադրմամբ:

Իջևանի երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով պետբյուջեից ավելի քան 25 մլն դրամ է հատկացվել: Իջևանի երիտասարդական կենտրոնի ստեղծման դրամաշնորհային մրցույթում հաղթել է «ԼՈՖԹ» կազմակերպությունը։

Երիտասարդական կենտրոնի գործառույթներից բխող միջոցառումները շահառուների համար իրականացվելու են անվճար հիմունքներով: Իջևան համայնքում ստեղծված երիտասարդական կենտրոնի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Իջևանի համայնքապետարանի կողմից:

Իջևանում երիտասարդական կենտրոն է բացվել

Իջևանում երիտասարդական կենտրոն է բացվել

Իջևանում երիտասարդական կենտրոն է բացվել

Իջևանում երիտասարդական կենտրոն է բացվել

Իջևանում երիտասարդական կենտրոն է բացվել