ԳլխավորԼուր

Ակադեմիական քաղաքի տեսլականը կարո՞ղ է դիմորդներին հետ պահել պետական բուհեր դիմելուց

Դիմորդ, քննություն

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ այս տարի բուհերում թափուր է մնացել 350 անվճար և 8764 վճարովի տեղ։ Այս ֆոնին կրթության ոլորտի որոշ փորձագետներ տեսակետ հայտնեցին, որ նման մեծ թվով թափուր տեղերի առկայությունը բուհերում կարող է պայմանավորված լինել նաև Ակադեմիական քաղաք կառուցելու՝ կառավարության ծրագրերով․

«Շատ դիմորդներ, մտածելով, որ ընդունվելու դեպքում իրենք 4-6 տարի ուսանող են լինելու և հնարավոր է՝ ընկնեն այդ ծրագրի տակ, խուսափել են դիմել պետական բուհեր՝ նախընտրելով միջպետական բուհերը, որոնք այլ կանոնադրություն ոնեն և որոնց Ակադեմիական քաղաք տեղափոխվելու տեսլականը չի սպառնում»,- Usanogh.am-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ արդյոք նման նախադեպ, իրենք դիմորդներից լսե՞լ են այդ բնույթի մտահոգություններ․

«Նման վերլուծություն չունենք, որպես նախարարություն՝ մենք որևէ հեռախոսազանգ, դիմում, ազդակ չենք ստացել այն մասին, որ բուհերի տեղափոխությունը կարող է ազդել դիմորդների որոշումների վրա։ Համենայն դեպս, Ակադեմիական քաղաքը լավ հեռանկար է ուսանողների համար՝ ինտեգրվելու այնպիսի միջավայրի, որտեղ բավական լայն հնարավորություններ կան»,-պատասխանեց Լուսինե Գրիգորյանը։

Իսկ միջպետական բուհերի հանդեպ հետաքրքրությունը, նրա խոսքով, դիմորդների շրջանում միշտ է մեծ եղել՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ այդ բուհերն ավարտելով՝ շրջանավարտները կարող են հեշտորեն աշխատանք գտնել նաև արտերկրում։

Ակադեմիական քաղաք հիմնելու հայեցակարգը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Հայեցակարգում հստակ ժամանակացույց է սահմանվելու նախագծման, կառուցման, բուհերի տեղափոխման փուլերի վերաբերյալ։ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ ակնկալվում է, որ 2030 թվականին քաղաքը պատրաստ կլինի։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ