ԳլխավորԼուր

Ագրարային համալսարան ընդունվելը կհեշտացվի, կրթաթոշակներն էլ կհասնեն 70-77 հազար դրամի

Ագրարային համալսարան, ՀԱԱՀ

Դիմորդների շրջանում ագրարային և մանկավարժական մասնագիտությունների նկատմամբ գրավչությունը ավելացնելու նպատակով առաջարկվում են փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախ վերանայվելու է կրթաթոշակի չափը։

«Նախատեսում ենք կտրուկ բարձրացնել կրթաթոշակի չափը։ Ներկայիս 5-6 հազար դրամի փոխարեն կսահմանվի 70-77 հազար դրամ։ Կրթաթոշակ տրամադրվելու է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի սովորող ուսանողներին։ Գերազանց սովորողները կստանան 10 տոկոս հավելավճար»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։

Նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ այս նախաձեռնությունը կնպաստի նշված մասնագիտությությոնների նկատմամբ գրավչության բարձրացմանը։

Նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։ Այն հաստատվելուց հետո հավանական է, որ հենց այս ուսումնական տարվա սկզբից ագրարային և մանկավարժական մասնագիտություններով ընդունված ուսանողները ստանան բարձրացված կրթաթոշակ։

Նախատեսվում է նաև կատարել փոփոխություններ ընդունելության մեխանիզմների վերաբերյալ։ Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է այն հարցը, ըստ որի ավագ դպրոցից, ինչպես նաև ագրարային ուղղվածության միջին մասնագիտական հաստատություներից Ագրարային համալսարան անցումը կապահովվի հեշտացված կարգով։

«Դիտարկվում են, միգուցե, առանց քննության ընդունվելու կամ մասնագիտական քննություն հանձնելու տարբերակները։ Նախագիծը շուտով կդրվի հանրային քննարկման։ Մեր կողմից քայլերը շարունավելու են ագրարային մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ագրարային համալսարանը վերջին տարիներին բավական աշխատանք է իրականացրել կրթական ծրագրերը, ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ պետք է ակտիվ աշխատանք տարվի հանրային իրազեկման ուղղությամբ, որ դիմորդները տեղեկանան համալսարանի գրավիչ մասնագիտությունների, շուկայի պահանջարկի վերաբերյալ»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Ագրարային համալսարանում ընդունելությունը հիմնական փուլով ընդամենը 7 տոկոս է։

Ընդհանուր առմամբ, բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, թափուր է մնացել 350-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը, թափուր է մնացել 8764-ը:

Թափուր տեղերի ընդհանուր թիվը հիմնական փուլից հետո 9114 է։