ԳլխավորԼուր

Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է հողի անալիզի ուսումնական լաբորատորիա

Հողի անալիզի լաբորատորիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղում մարտի 25-ին պաշտոնապես բացվել է հողի անալիզի ուսումնական լաբորատորիա, որը կծառայի նաև որպես քիմիայի լսարան։ Լաբորատորիան բացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն՝ Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում։

Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանը, EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ֆերմերներ, հյուրեր։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նորաբաց լաբորատորիան ոչ միայն կրթության որակի բարելավման նոր հնարավորություն է ընձեռում, այլև մասնավոր ոլորտի հետ համագործակցության լայն շրջանակ է բացում, որը նախարարության կարևոր առաջնահերթություններից է հատկապես նախնական և միջին մասնագիտական կրթության բնագավառում:

Նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ այս տարի Տավուշի մարզում կբացվի ֆրանսիական մոդելով գյուղատնտեսական նոր համալիր, որը կծառայի նաև որպես զարգացած ռեսուրս-կենտրոն՝ ոլորտի մասնագետների զարգացման և ուսուցման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին լաբորատորիայի բացմանն աջակցելու համար և վստահեցրել, որ նախարարությունը շարունակելու է կրթության որակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ևս շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին ծրագրի իրականացման համար:

«Առաջինը՝ շնորհավորում եմ մեր ուսանողներին, քանի որ գեղեցիկ ու արդիական միջավայր է ստեղծված։ Ուսանողներին որակյալ կրթության հնարավորություն տալուց բացի՝ լաբորատորիան օգտակար կլինի նաև շիրակցի ֆերմերների համար, որոնք այսուհետ տեղում կկարողանան իրենց հողի անալիզը կատարել: Հուսով ենք, որ այս լաբորատորիան իր ուրույն դերը կունենա մարզի գյուղատնտեսության զարգացման գործում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ լաբորատորիան գալիս է՝ լրացնելու Ագրարային համալսարանի հուսալի գործընկերների աջակցությամբ բուհում ստեղծված բազմաթիվ նորարարական ենթակառույցների շարքը։

«Սերմեր ցանելու համար պատշաճ որակի հողի կարիք կա: Այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ ցանելուն»,- նշել է EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը՝ ընդգծելով, որ նմանատիպ լաբորատորիաներ կբացվեն նաև Վանաձորում և Նոյեմբերյանում։

Միջոցառմանն իրենց տպավորություններն են արտահայտել նաև մարզի ֆերմերները։ Ներկաները փաստել են, որ լաբորատորիան տարածաշրջանում եզակի կառույց է և կարևոր նշանակություն կունենա ոչ միայն որպես համալսարանի ուսումնահետազոտական, այլև ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման մարզային կենտրոն։

Բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց՝ լաբորատորիան նաև ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին ու տեղի այլ տնտեսավարողների և կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնական կենտրոն։

Լաբորատորիայի աշխատակիցները նախապես վերապատրաստվել են ՀԱԱՀ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում և լավ տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու մեխանիզմներին ու նրբություններին։