ԳլխավորԼուր

«Ազգային գրադարանի թվայնացված բազան ունենք առանձին կրիչներով»

Հայաստանի ազգային գրադարանը

«Ազգային գրադարանում տեղի ունեցածից հետո կորուստների չափի մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռ չենք կարող հրապարակել, դա կգնահատվի համապատասխան փորձաքննությունից հետո, բայց հստակ կարող ենք ասել, որ ամբողջ թվայնացված բազան ունենք առանձին կրիչներով պահված»: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, ասուլիսի ժամանակ նշեց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը` անդրադառնալով տեղի ունեցած հրդեհին:

«Բացի դրանից, սերվերային սարքերի արտաքին տեսքից դատելով կարող ենք ասել, որ սերվերների վիճակն էլ անհուսալի չէ, եւ շատ հնարավոր է, որ այդ ամբողջ տեղեկատվական բազան պահպանված լինի նաեւ սերվերներում: Թե ինչպիսին է այդ սերվերների պիտանելիությունը հետագա աշխատանքների համար չենք կարող ասել, բայց հավանականությունը շատ մեծ է, որ տեղեկատվությունը պահպանված լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ կան այդ նույն սենյակում որոշ սարքավորումներ, որոնք ածխացված վիճակում են, բայց սերվերային սարքերը չեն:

Նա տեղեկացրեց, որ ծխահարված վիճակում սերվերները հայտնաբերվել են մայիսի 10-ին, գրադարանի համապատասխան բաժնի աշխատակցի, պարետի եւ գրադարանը հսկող ոստիկանության աշխատակցի կողմից:

«Հիմա մենք մտածում ենք ամբողջ տեղեկատվական բազան սերվերայինից տեղափոխել ամպային համակարգ»,-ասաց Հրաչյա Սարիբեկյանը:

Comment here