ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ուսանողների եւ երիտասարդների օրն է

Այսօր Հայաստանում նշվում է Ուսանողների եւ երիտասարդների օրը։

ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ մայիսի 16-ը նշվելու է որպես ուսանողների և երիտասարդների օր, արժանացել է կառավարության հավանությանը 2014-ի հունվարի 16-ին։

Օրվա ընտրությունը պայմանավորվել է նրանով, որ այն ԵՊՀ-ի` մայր բուհի հիմնադրման օրն է (Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919-ի մայիսի 16-ին որոշում էր ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ): Որոշման հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ «ՀՀ-ում ուսանողների և երիտասարդների օր սահմանելը պետք է դիտարկել ազգային կրթական համակարգի պատմության համատեքստում»։

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկով կառավարությանը և ԿԳՆ-ին դիմել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը դեռևս 2010 թվականին։

Հիշեցնենք, որ հայ ուսանողները եւս մեկ տոն ունեն՝ Ուսանողների միջազգային օրը (International Student’s Day) կամ Ուսանողների միջազգային համերաշխության օրը։ Ամենամյա այս տոնը նշվում է նոյեմբերի 17-ին աշխարհի բազմաթիվ երկրներում։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018-19 ուստարում Հայաստանի ուսանողների թիվը (բակալավրիատ եւ մագիստրատուրա) մոտ 80 հազար էր։

Հավելենք նաեւ, որ նոր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ 2019-20 թթ. ուստարին կեզրափակվի հեռավար եղանակով։

 

Comment here