Առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Արցախում մի շարք մթերքներ վաճառվում են միայն կտրոնով։ Սպառողներին կտրոնով են տրամադրվում 5 անուն պարենային ապրանքատեսակներ` շաքարավազ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, բրինձ, նաև լվացքի փոշին։
Մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այն կրկին վերականգնվել էր հունվարի 29-ի առավոտյան, դադարեցվել՝ փետրվարի 6-ին։
2023-ի հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։