ԳլխավորԼուր

Արցախցի դիմորդները չեն կարողանում միասնական քննություն հանձնել

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյան

Ադրբեջանի կողմից շուրջ 1 ամիս Արցախի շրջափակված լինելու հետևանքով արցախցի դիմորդները չեն կարող գնալ Գորիս և այնտեղ մասնակցել միասնական քննությունների առաջին փուլին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Ընդհանուր առմամբ դիմել է 50 հոգի, որից 20-ը` «Անգլերեն» լեզվի քննություն հանձնելու համար։ Նրանք ցանկանում են իրենց ուսումը հետագայում շարունակել ՀՀ բուհերում։

«Մենք մշտապես կապի մեջ ենք Արցախի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի հետ։ Մինչև թշնամու կողմից Արցախի շրջափակումը մենք տեղյակ էինք, որ նրանք նախապես չէին ցանկանում հունվար–փետրվար ամիսներին կազմակերպել քննությունները։ Արցախի ԳԹԿ–ն դիմել էր իրենց դիմորդներին և նրանք, ովքեր ցանկություն ունեին այնուամենայնիվ ձմեռային քննություններին մասնակցել, պետք է հայտագրվեին և քննությունները հանձնեին Գորիսում։ Այսօր այդ դիմորդները հնարավորություն չունեն գնալ Գորիս ու հանձնել քննությունները»,– նշեց Նասիբյանը։

Այդ հարցը և՛ Հայաստանի, և՛ Արցախի Գնահատման և թեստավորման կենտրոնների համար մնում է առկախված։ Նա ընդգծեց` առաջացած խնդրի պատճառով երեխաներիի քննություն հանձնելու իրավունքները խախտվում են։

Նասիբյանը չբացառեց, որ արցախցի դիմորդներին ավելի ուշ` Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի ապաշրջափակումից հետո, կարող են հնարավորություն տալ քննություն հանձնել։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։