ԳլխավորԼուր

Որո՞նք են Հայաստանի ամենախոշոր հարկատու բուհերը. Բժշկականից մինչև ԵՊՀ

Բուհեր

Հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհեր կրկին առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են: Usanogh.am-ը հավաքագրել է 2023 թ. հունիսի 30-ի դրությամբ 10 ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը ըստ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների:

Այսպիսով` առաջատարը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է. այն այս տարվա հունիսի 30-ի դրությամբ պետությանը վճարել է 1 միլիարդ 556 միլիոն 26 հազար դրամ: Երկրորդ խոշոր հարկատու բուհը Երևանի պետական համալսարանն է. այն նշյալ ժամանակահատվածում վճարել է 1 միլիարդ 409 միլիոն 204 հազար դրամ հարկ: Ամենախոշոր հարկատու բուհերի եռյակը եզրափակում է Հայաստանի Ամերիկյան համալսարանը. այն պետությանը վճարել է 727 միլիոն 444 հազար դրամ հարկ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վճարել է 491 միլիոն 437 հազար դրամ: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը խոշոր հարկատուների հնգյակում է. այն այս տարվա հունիսի 30-ի դրությամբ վճարել է 406 միլիոն 644 հազար դրամ հարկ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վճարել է 385 միլիոն 553 հազար դրամ հարկ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը` 329 միլիոն 635 հազար դրամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վճարած հարկը նշյալ ժամանակահատվածում կազմել է 315 միլիոն 800 հազար դրամ, իսկ Երևանի «Հայբուսակ» համալսարանինը` 312 միլիոն 809 հազար դրամ:

Խոշոր հարկատու բուհերի տասնյակը եզրափակում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որն այս տարվա հունիսի 30-ի դրությամբ վճարել է 312 միլոն 419 հազար դրամ հարկ:

Առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակում են նաև Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը:

Ավելի վաղ Usanogh.am-ը ներկայացրել էր 2021 և 2022 թթ. հունվարից դեկտեմբեր ամիսների կտրվածքով 10 ամենախոշոր հարկատու բուհերի ցանկը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ