ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել ու իրականացրել է «Իրազեկում. ուսանողական նպաստներ և ներբուհական կրթաթոշակներ» երկօրյա ծրագիրը, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։
ԵՊՀ ՈւԽ իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված և փետրվարի 6-7-ը տեղի ունեցած ամենամյա միջոցառումն այս տարի իրականացվել է առցանց։ Հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանն տեղեկացրել է, որ ծրագրին մասնակցել են ինչպես առաջինկուրսեցիներ, այնպես էլ այլ կուրսերի ուսանողներ:
Նրա խոսքով, հաշվի առնելով թեմայի կարևորությունը և հանդիպումն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ իրազեկման ծրագիրն այս տարի իրականացվել է հինգ հանդիպման ձևաչափով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ Իրավական հանձնաժողովի պատասխանատուները հանդիպել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ և նրանց ներկայացրել թեման։
Բանախոսները հանդիպումների ժամանակ ներկայացրել են ուսման վարձի լրիվ և մասնակի փոխհատուցման հիմքերը, պայմանները և ընթացակարգը, պետության և ԵՊՀ-ի կողմից տրամադրվող զեղչերը և արտոնությունները, ինչպես նաև պետական և անվանական կրթաթոշակների հավակնելու պահանջները։
Յուրաքանչյուր հանդիպման ավարտին առանձին ժամանակ է հատկացվել հարցերին պատասխանելուն, ինչպես նաև հանդիպման մասնակից յուրաքանչյուր ուսանողի համար հարմար փոխհատուցման հիմք ընտրելուն։ Հանդիպման ժամանակ հարցեր և պատասխաններ են հնչել նաև տարկետման ու տեղափոխության վերաբերյալ։
Հիմք ընդունելով ուսանողների հետաքրքրությունը տարկետման և տեղափոխության վերաբերյալ՝ որոշվել է հաջորդ «Իրազեկումը» նվիրել հենց այդ իրավահարաբերությունների ներկայացմանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։