ԳլխավորԼուր

ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետը ՏՏ ոլորտի գիտելիք տալու կեսդարյա փորձ ունի

21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։

ՏՏ ոլորտի հմուտ մասնագետները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն: Մասնագիտական հարուստ գիտելիք ունեցող ուսանողները, 3-րդ կուրսից սկսած, հնարավորություն են ստանում ուսմանը զուգահեռ պրակտիկա անցնելու և աշխատելու հայաստանյան ՏՏ կազմակերպություններում։

ՏՏ ոլորտի վերաբերյալ տեսական և գործնական համապարփակ գիտելիք տալու ավելի քան կեսդարյա փորձ ունի ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Այն ուսանողներին առաջարկում է կրթություն ստանալ արդիական այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվական անվտանգությունը, մաթեմատիկական մոդելավորումը և այլն։

ԻԿՄ ֆակուլտետը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնց թվում են՝ «Krisp»-ը, «Հայկական Ծրագրեր»-ը (Armsoft), «EXALT Technologies»-ը, «NVIDIA»-ն, «EPAM Systems»-ը, «SADA GDC»-ն և այլն։ Հիշյալ կազմակերպությունների հետ գործակցություններն իրագործվում են տարբեր ձևաչափերով՝ դասախոսությունների շարք, պրակտիկաներ, աշխատանքի հնարավորություններ, գիտահետազոտական աշխատանքներ և այլն։

Ի դեպ, հենց այդ ֆակուլտետի ուսանողները, մասնակցելով ծրագրավորման՝ աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթին՝ «ICPC»-ին, քանիցս գրանցել են բարձր ցուցանիշներ։