ԳլխավորԼուր

Արցախից բռնի տեղահանված ուսանողներին աջակցելու նպատակով. ԵՊՀ-ի և ՀԲՄ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Պայմանագիր, համաձայնագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։

Հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստանի բանկերի միության անդամ և ՀՀ գործող բոլոր 18 առևտրային բանկերի համամասնորեն ցուցաբերված աջակցության արդյունքում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին, որոնք այժմ ուսանում են ԵՊՀ-ում։

«Երևանի պետական համալսարանը մշտապես կարևորում է ուսանողների կրթական և սոցիալական կարիքները՝ փնտրելով դրանց լուծման տարբերակներ: Այսօր ստորագրված համագործակցության հուշագիրը ոչ միայն լուծում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր ուսանողների ուսման վարձավճարների հարցը, այլև հիմք ստեղծում ապագայում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրագործման համար՝ ուղղված ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը։ Մենք խորապես գնահատում ենք Բանկերի միության աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը»,– նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը կարևորել է հատկապես համագործակցության սոցիալական բաղադրիչը։

«ԵՊՀ առաջարկին բանկերն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ, և աջակցության վերաբերյալ որոշումը կայացել է միաձայն։ Հայաստանի բոլոր 18 առևտրային բանկերը որոշակի համամասնությամբ իրենց մասնակցությունն են ունեցել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Որոշման համաձայն՝ շուրջ 35 մլն դրամ կուղղվի մասնավորապես «Տնտեսագիտություն և կառավարում» և «Իրավագիտություն» ֆակուլտետների 264 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցմանը»,- ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։

Հուշագրի համաձայն՝ կողմերը կազմակերպելու են բաց դասեր, սեմինարներ, հրատարակելու են ուսումնամեթոդական նյութեր, իրականացնելու են համատեղ հետազոտական նախագծեր, ինչպես նաև միջազգային համագործակցային ծրագրեր։

Բացի դրանից՝ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի նաև ուսումնական և մասնագիտական պրակտիկաներն անցկացնելու ՀԲՄ-ում, իսկ պրոֆեսորադասախոսական կազմին՝ անվճար մասնակցելու ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։