ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին ու նրա հետ քննարկել երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընդլայնման հնարավորությունները, տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ:
Ռեկտորն Անն Լույոյին ներկայացրեց ԵՊՀ-ի գործունեությունը, բարեփոխման ծրագրերը, նշեց, որ ԵՊՀ-ն տարբեր ուղղություններով ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական առաջատար բուհերի հետ՝ իրականացնելով փոխանակման և ակադեմիական այլ ծրագրեր:
Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց ԵՊՀ-ի փոխգործակցությունը ֆրանսիական բուհերի հետ և հույս հայտնեց, որ դեսպանության աջակցությամբ կհաստատվեն համագործակցային նոր կապեր, կգրանցվեն հաջողություններ, կյանքի կկոչվեն տարբեր ծրագրեր:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևոր համարեց երկու երկրների համալսարանների միջև կապերը, վստահեցրեց, որ պատրաստ են օժանդակել դրանց ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նշեց նաև, որ ֆրանսերենի ուսուցումն իրենց հետաքրքրությունների առաջնահերթություններից է, և որ այդ հարցում էլ իրենք կարող են օգտակար լինել ու նպաստել խնդիրների լուծմանը:
Ա. Մարգարովը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց այն ոլորտները և ուղղությունները, որոնց շրջանակում ԵՊՀ-ն համագործակցում է ֆրանսիական բուհերի հետ: Ըստ Միջազգային համագործակցության վարչության պետի՝ ԵՊՀ-ն այս պահին ունի 7 գործող համաձայնագիր ֆրանսիական բուհերի հետ, որոնցից 3-ի շրջանակում իրականացվում են կրկնակի դիպլոմով կրթական ծրագրեր:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի պաշտոնակատար Գ. Սարգսյանն էլ խոսեց ամբիոնի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ Լիլի և Էքս Մարսելի համալսարանների հետ համագործակցության շրջանակում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկելու են կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական նոր ծրագրեր:
Կողմերը քննարկեցին կոնկրետ ծրագրեր, որոնք դրական նոր զարգացումներ կհաղորդեն կրթական ու գիտական կառույցների գործակցությանը:
Հանդիպման ավարտին Անն Լույոն այցելեց ԵԼՀ ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոն, եղավ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կահավորված Ակադեմիական նվաճումների կենտրոնում:
Դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել և առավել մանրամասն քննարկել համագործակցության ոլորտները: