ԳլխավորԼուր

Վաղը Ս. Սարգիսի տոնն է. չմոռանաք այսօր աղի բլիթ ուտել

Երթ՝ Սուրբ Սարգիսի տոնի օրը

Վաղը երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի փետրվարի 4-ին:

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Ավանդության համաձայն` բլիթը պետք է բաժանել յոթ մասի և ուտել մինչև վերջ: Ուտելուց հետո պետք է առանց խոսելու, առավել եւս՝ առանց ջուր խմելու, պառկել քնելու։

Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնելը տան տանիքին կամ պատշգամբին և սպասելը Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: