Վաղը երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի հունվարի 27-ին:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Ավանդության համաձայն` բլիթը պետք է բաժանել յոթ մասի և ուտել մինչև վերջ: Ուտելուց հետո պետք է առանց խոսելու, առավել եւս՝ առանց ջուր խմելու, պառկել քնելու։
Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնելը տան տանիքին կամ պատշգամբին և սպասելը Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:
Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Տես նաեւ՝ Ով եւ ինչպես պետք է պատրաստի աղի բլիթ, որպեսզի ձեր երազը լինի ամենաճշմարիտը