Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի փետրվարի 12-ին:
Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Ավանդության համաձայն` բլիթը պետք է բաժանել յոթ մասի և ուտել մինչև վերջ: Ուտելուց հետո պետք է առանց խոսելու, առավել եւս՝ առանց ջուր խմելու, պառկել քնելու։
Սխալ է ընդունված այն կարծիքը, թե աղի բլիթ պետք է պատրաստի այրի կինը: Աղի բլիթ պատրաստել և երիտասարդներին բաժանել նշանակում է երջանկության, ապրած սիրո տարոս փոխանցել, և այդ լուրջ և պատասխանատու գործը պետք է իրականացնի ամուսնացած, երջանիկ կինը: Իսկ եթե ձեր շրջապատում չկան ամուսնացած կանայք, ապա այդ գեղեցիկ պարտականությունը կարող է իրականցնել սիրահարված աղջիկը:
Աղի բլիթի պատրաստման համար շատ բան հարկավոր չէ: Բաղադրիչները շատ պարզ են` ալյուր՝ 1 բաժակ, աղ՝ 1 ճ. գդ., ջուր։
Անհրաժեշտ է ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը: