ԳլխավորԼուր

Զինծառայողների օրհնության կարգ՝ Սուրբ Սարգիս եկեղեցում

Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն էր, նաև` սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել զինծառայողների օրհնության կարգ, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայողներ պարգևատրվել են Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնել է Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա  շնորհավորել է բոլորին և կոչ  արել  շարունակել նույն նվիրումով  իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։