ԳլխավորԽճանկար

Քնի համաշխարհային օրն է. փաստեր՝ քնի ու երազների մասին

Այսօր Քնի համաշխարհային օրն է։ Առաջին անգամ այն նշվել է 2008 թ. մարտի 14-ին՝ Քնի բժշկության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, եւ այդ օրվանից անցկացվում է ամեն տարի՝ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը:

Այս տարի Քնի համաշխարհային օրը նշվում է «Ավելի լավ քուն, ավելի լավ կյանք, ավելի լավ մոլորակ» կարգախոսով:

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստեր քնի եւ երազների մասին։

1. Մենք քնած ենք անցկացնում մեր կյանքի մեկ երրորդը (միջինը՝ 25 տարի), բայց դա պետք չէ ժամանակի անտեղի կորուստ համարել. երբ քնում ենք, մեր ուղեղը վերաբեռնավորվում է, restart է լինում, մարմինը հանգստանում է, հյուսվածքները վերականգնվում են, իսկ օրգանիզմում անհրաժեշտ հորմոններ են արտադրվում։

2. Եթե 12 գիշեր անընդմեջ քնենք 6 կամ ավելի քիչ ժամ, օրգանիզմի վիճակը կլինի այնպիսին, ինչպիսին հարբած մարդունն է։ Խոսքը կդառնա անհոդաբաշխ, կխախտվի հավասարակշռությունը, հիշողությունը կթուլանա։

3. Մեխանիկական առաջին զարթուցիչը ստեղծվել է 1787 թվականին՝ ամերիկացի գյուտարար Լեւի Հաթչինսի կողմից։ Բայց այն մի մեծ թերություն ուներ. աշխատում էր միայն առավոտյան ժամը 4-ին։

4. Կույրերը եւս երազներ են տեսնում։ Ի ծնե կույր մարդիկ երազներում ոչ թե պատկերներ ու գույներ, այլ ձայներ, հոտեր եւ զգացողություններ են «տեսնում»։ Դանիացի գիտնականների կարծիքով՝ սարսափ երազներ կույրերն ավելի հաճախ են տեսնում, քան մյուսները։

5. Լավ ինքնազգացողության համար մարդուն հարկավոր է ամեն օր քնել 7-8 ժամ։ Բայց հանճարներին դա չի վերաբերվում. Լեոնարդո դա Վինչին, օրինակ, օգտվում էր կիսափուլային քնից։ Նա 4 ժամը մեկ 15 րոպե հանգստանում էր։ Նիկոլա Տեսլան քնում էր ընդամենը 2, իսկ Էյնշտենը՝ 4 ժամ։

6. Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918) գլխից վիրավորած հունգարացի զինվոր Պոլ Կերնը չէր քնել 40 տարի, սակայն ֆիզիկապես իրեն լավ էր զգում։

7. Մարդկանց 12 տոկոսը միայն սեւ-սպիտակ երազներ է տեսնում, իսկ մինչեւ գունավոր հեռուստատեսության ստեղծումը այդ թիվը 85 տոկոս էր։

8. Կան մարդիկ, որ պնդում են, թե երազներ չեն տեսնում, բայց դա ճիշտ չէ։ Գիշերվա ընթացքում մենք 2-7 երազ ենք տեսնում, պարզապես 90 տոկոսը մոռանում ենք։

9. Կենդանիներն էլ են երազներ տեսնում։

10. Քնած ժամանակ մերթ ընդ մերթ ցնցումները կոչվում են հիպնոտիկ թռիչքներ։ Դրանք օրգանիզմի համար լիովին անվնաս են։

Comment here