ԳլխավորԽճանկար

Դաունի համախտանիշ. միֆեր եւ իրականություն

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day)։ Այդ կապակցությամբ ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստ։

Միֆ 1. Դաունի համախտանիշը հիվանդություն է, որը պետք է բուժել

Իրականություն-Դաունի համախտանիշը գենետիկ վիճակ է, որը որոշվում է մարդու բջիջներում լրացուցիչ քրոմոսոմների առկայությամբ։ Ավելորդ 47-րդ քրոմոսոմի պատճառով առաջանում են մի շարք ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, որոնք դանդաղեցնում են երեխայի զարգացումն իր հասակակիցների համեմատ։ Դաունի համախտանիշով մարդիկ հիվանդ չեն. չեն տառապում դրանից, վարակված չեն դրանով եւ առավել եւս դրա զոհը չեն։

Միֆ 2. Դաունի համախտանիշով մարդիկ ընդունակ չեն սովորելու

-Այս միֆի ստեղծման պատճառը հատուկ հաստատություններում անցկացված ուսումնասիրություններն են։ Բայց այնտեղ ցանկացած երեխա չի կարող արդյունավետ զարգանալ՝ զրկված լինելով ծնողական ջերմությունից, որը հիմնական խթան է երեխայի համար։ Միեւնույն ժամանակ ՝ ապրելով ընտանիքում, «անհեռանկարային» երեխան մեկ տարեկանում ինքնուրույն նստում է, 2.5-ում՝ ուտում է գդալով եւ առաջին բառերն ասում, իսկ 4-ում՝ արդեն իր բնավորությունը ցույց տալիս։ Դաունի համախտանիշով երեխան սովորում է օգնել տնային աշխատանքներում, պատրաստ է մանկապարտեզ, հետո՝ դպրոց գնալ, սովորել օտար լեզու, համակարգչային գիտելիքներ ստանալ եւ զբաղվել սպորտով։

Միֆ 3. Դաունի համախտանիշով երեխան ծնողների հակասոցիալական վարքագծի արդյունք է

-Վիճակագրության համաձայն՝ նորածին 700 (այլ տվյալներով՝ 800) երեխաներից մեկն աշխարհ է գալիս Դաունի համախտանիշով։ Այդ հարաբերակցությունը նույնն է տարբեր երկրներում, կլիմայական տարբեր գոտիներում, սոցիալական շերտերում։ Այն կապ չունի ծնողների վարած կենսակերպի, նրանց առողջական վիճակի, վնասակար սովորությունների, սննդի, մաշկի  գույնի եւ ազգության հետ։ Տղաներն ու աղջիկներն այդ համախտանիշով ծնվում են նույն հաճախականությամբ։ Ծնողներն, ի դեպ, ունենում են քրոմոսոմների նորմալ քանակ։

Միֆ 4. Դաունի համախտանիշով մարդիկ վտանգավոր են շրջապատի համար

-Ասում են, որ Դաունի համախտանիշով մարդկանց հատուկ է սեռական ագրեսիան, ոչ համարժեք վարքը, տրամադրության հաճախակի փոփոխությունը՝ բարեսրտությունից մինչեւ ցասում, բայց դա մեծ մոլորություն է։ Ընդհակառակը, այդ համախտանիշով մարդիկ մեղմ են ու բարեկամասեր, բայց եւ յուրաքանչյուրն իր բնավորությունն ու տրամադրությունն ունի, ու ինչպես բոլորի մոտ, նրանց մոտ էլ է այն փոփոխական։ Ի դեպ, հայտնի չեն հանցագործություններ, որ կատարած լինեն Դաունի համախտանիշով մարդիկ։

Միֆ 5. Իմ ընտանիքի հետ դա չի պատահի

-Դաունի համախտանիշով երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում, դա գենետիկական պատահականություն է։

Միֆ 6. Դաունի համախտանիշով երեխաներն ավելի լավ է գտնվեն հատուկ հաստատություններում՝ մասնագետների հսկողության տակ

-Կա հատուկ տերմին, որը նկարագրում է, թե ինչ է կատարվում հատուկ հաստատությունում գտնվող երեխայի հետ՝ հոսպիտալացման համախտանիշ։ Դա հոգեբանական եւ անձնային զարգացման խախտում է, որը մորից երեխայի առանձնացման եւ հատուկ հաստատությունում գտնվելու հետեւանք է։

Այն  բացասաբար է ազդում երեխայի անձի բոլոր կողմերի վրա՝ արգելակելով մտավոր, հուզական եւ ֆիզիկական զարգացումը։ Եվ դա անկախ Դաունի համախտանիշի առկայությունից կամ բացակայությունից։

 

Comment here