ԳլխավորԼուր

Մերժվել է մի Այբբենարան, որը բոլոր չափանիշներով համապատասխանում է պետական չափորոշչին. Վաչագան Ա. Սարգսյան

Վաչագան Ա. Սարգսյան

Ներկայացնում ենք Վաչագան Ա. Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը ամբողջությամբ։

«Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարություն

ԿԳՄՍ նախարարության մրցութային հանձնաժողով

ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության ուսուցչական ու ծնողական համայնք

Որպես սկիզբ մեջբերեմ հանձնաժողովի կարծիքը Վաչագան Ա. Սարգսյանի ներկայացրած «Այբբենարանի» մասին: Նշեմ, որ այսուհետ ներկայացվող ցանկացած մեջբերում վերցված է ԿԳՍՍ նախարարության համապատասխան կայքից:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վաչագան Սարգսյանի հեղինակած դասագրքի վերաբերյալ փորձագետների կողմից տրվել է դրական եզրակացություն, սակայն նույն փորձագետները նշել են, որ «Այբբենարան» դասագիրքը ներկայացվել է առանց փոփոխության՝ կրկնվել է հին դասագիրքը, իսկ «Մայրենի 1» դասագիրքը հին դասագրքի նկատմամբ փոփոխության է ենթարկվել 50 տոկոսի չափով: Հիմք ընդունելով փորձագետների կողմից տրված տեղեկությունը՝ հանձնաժողովի նախագահն առաջարկեց չընդունել Վաչագան Սարգսյանի ներկայացրած դասագիրքը, քանի որ այն չի կարող համարվել նոր առարկայական չափորոշչին համապատասխան ստեղծված դասագիրք»:

Այստեղ զավեշտն այն է, որ նոր առարկայական չափորոշիչը գրվել է հիմքում հիմնականում ունենալով իմ «Այբբենարանը»: Մյուս երաշխավորված այբբենարանները նույնպես օգտագործել են իմ Այբբենարանի խաղային համակարգը: Հիմա հանձնաժողովը եզրակացնում է, որ իմ նորացված «Այբբենարան» չի համապատասխանում նոր չափորոշչին, առանց հաշվի առնելու փորձագետների դրական կարծիքը իմ «Այբբենարանի» վերաբերյալ:

Այս գրությունից պարզորոշ կերպով երևում է, որ փորձագետները բարձր են գնահատել «Այբբենարանը», իսկ բացասական հետևություն ներկայացրել է հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովի նման եզրակացությունը սոսկ հայտարարություն է՝ առանց որևէ հիմնավորման:

Այն փաստը, որ Վաչագան Ա. Սարգսյանի «Այբբենարանը» չի համապատասխանում նոր չափորոշիչների պահանջներին դարձյալ ճիշտ չէ, քանի որ դասագրքում առկա են չափորոշչային բոլոր պահանջներին բավարարող դասանյութեր, առաջադրանքներ: Ոչ ոք չի կարող ցույց տալ չափորոշչային մի պահանջ, որին չի համապատասխանում իմ ներկայացրած Այբբենարանը:

««Այբբենարան» դասագիրքը ներկայացվել է առանց փոփոխության՝ կրկնվել է հին դասագիրքը»:

Սա մի դրույթ է, որը, ճիշտ չէ:

Բոլոր ոչ մեծ փոփոխություններին չեմ անդրադառնա: Դրանք առկա են գրեթե յուրաքանչյուր էջում: (Տարիների ընթացքում իրերը փոխել են իրենց տեսքը և գործառույթները: Դրանք բոլորը նորացված են՝ սկսած ձեռքի ժամացույցներից, հեռախոսներից, վերջացրած համակարգիչներով ու ռոբոտներով):

Չափորոշչային պահանջներին բավարարելու նպատակով կամ այլ պատճառով էականորեն բեռնաթափվել է «Այբբենարանը», կրճատվել է ծավալը: Նախկին 156 էջի փոխարեն նոր «Այբբենարանը» ունի ընդամենը 112 էջ:

Կարծում եմ՝ ներկայացված դասագիրքը պետք է դիտարկել ինքնին, առանց համեմատելու նախկին դասագրքի հետ: Մի՞թե դա պայման է, եթե այո՝ ապա դա գրված չէ դասագրքերին ներկայացվող պահանջների մեջ:

Նախկին դասագիրքը բռնել է ժամանակի քննությունը, սիրվել ու գնահատվել է հազարավոր ուսուցիչների, միլիոնավոր աշակերտների կողմից: Մի՞թե դա նսեմացնում է այդ հենքի վրա ստեղծած, ամբողջովին նորացված այս նոր դասագիրքը, որը հագեցված է ուսուցման նորագույն միջոցներով:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

1-ին դասարանի՝

1. «Մայրենի 1» առարկայի «Այբբենարան» և «Մայրենի 1» դասագրքերի հայտ է ներկայացրել մեկ ֆիզիկական անձ՝ Վաչագան Սարգսյանը և երկու կազմակերպություն՝ «Զանգակ — 97» ՍՊԸ-ն և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը: «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի դասագրքի վերաբերյալ փորձագետների կողմից տրվել էր բացասական եզրակացություն, սակայն ԿԳՄՍ նախարարություն մուտքագրված բողոքների հիման վրա «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ներկայացված դասագիրքը /Այբբենարան, Մայրենի 1/ ուղարկվել էր կրկնակի փորձաքննության, որի արդյունքում դասագիրքը հաղթահարել է սահմանված անցողիկ շեմը և հաղթող ճանաչվել, իսկ Վաչագան Սարգսյանի և «Զանգակ — 97» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դասագրքերի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը առկա է թիվ 5 և թիվ 7 արձանագրություններում:

Ինչպե՞ս է պատահել, որ պետական չափորոշչին չհամապատասխանող, փորձագետների կողմից բացասական գնահատական ստացած, հանձնաժողովի կողմից մերժված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի ներկայացրած «Այբբենարան» և «Մայրենի 1» դասագրքերը բողոքարկումից բառացիորեն մի երեք-չորս օր հետո արդեն բավարարել են դասագրքերին ներկայացվող բոլոր պահանջները և հաստատվել նույն հանձնաժողովի կողմից, հրամցվել դպրոցին:

Նորից հավելենք, որ բոլոր տվյալները վերցված են Նախարարության համապատասխան կայքերից:

Ինչպե՞ս է պատահել, որ ԿԳՄՍ նախարարության ստեղծած փորձագետների կողմից դրական գնահատական ստացած, պետական չափորոշչին ամբողջովին բավարարող, տարիների ընթացքում փորձարկված, ուսուցչական, ծնողական համայնքի կողմից ընդունված և սիրված՝ Վաչագան Սարգսյանի «Այբբենարան» և «Մայրենի 1» դասագրքերը, որոնք նորացվել, հարստացվել են ժամանակակից տեխնիկական հզոր զինանոցով, հարյուրավոր տեսանյութերով, տեսահոլովակներով, երեխաների մեջ թվային գրագիտություն ձևավորող ու զարգացնող առանձնահատուկ միջոցներով, առաջադեմ մանկավարժական տեխնոլոգիաներով հագեցած ստվարածավալ մեթոդական ձեռնարկով, մրցութային հանձնաժողովի կողմից մերժվել են առանց էական որևէ պատճառաբանության: Միակ պատճառաբանությունը եղել է այն, որ դասագրքերը նախկին են՝ 50 տոկոսով: Այդ պնդումն, իհարկե, ամբողջովին կեղծ և զավեշտալի պատճառաբանություն է և զուրկ որևէ հիմնավորումից:

Ինչպե՞ս է պատահել, որ Հանձնաժողովի հաստատած և դպրոց մտած այբբենարաններից մեկի մասին իմ հրապարակած ծավալուն գրախոսությանը ոչ մի արձագանք չեղավ ո՛չ հեղինակների կողմից, ո՛չ էլ, հատկապես, Հանձնաժողովի կողմից, մանավանդ, որ գրախոսությունը ուղղված էր հենց ԿԳՄՍ նախարարության մրցութային հանձնաժողովին:

Չէ՞ որ գրախոսության մեջ ես նշել էի բազմաթիվ, բազմաբնույթ աղաղակող սխալներ ու թերություններ, որոնք ոչ միայն անհարիր էին նոր չափորոշչին, այլև անհեթեթության աստիճանի նյութեր էին ու առաջադրանքներ: Իմ նշած որևէ աղաղակող սխալ ոչ մեկը չհերքեց, ոչ մեկը չպաշտպանեց դրանք, ոչ մեկը չվիճարկեց իմ նշած սխալները:

Հանձնաժողովն ու հեղինակները բավարարվեցին լռությամբ: Բնական է՝ ասելու բան չունեին: Եվ ծածկադմփոց արվեց:

Հեղինակներն ու Նախարարությունը որպես պատասխան ընտրեցին լռությունը, «կանցնի կգնա» մարտավարությունը:

Իմ գրած հոդվածի առիթով ինձ պատվերով վարկաբեկողները, հայհոյողները, իմ ունեցած-չունեցած մեղքերը լույս աշխարհ հանողները, կես բերան անգամ չեն անդրադառնում դասագրքի առկա թերությունների մասին իմ քննադատություններին ու դիտարկումներին, ոչ մի խոսք: Փոխարենը գիտակ տոնով «քննադատում են» ինձ անվայել, քստմնելի բառապաշարով: Բնական է. պատասխանելու համար գիտելիք ու խելք է պետք, իսկ բամբասելու, հայհոյելու, ինչ որ մեկի աչքը մտնելու համար տգիտությունն էլ բավարար է:

Հոդվածը կարող եք կարդալ այս հղումով:

Ոչ մի ծպտուն չհանեց նաև ԿԳՄՍ նախարարության մրցութային հանձնաժողովը: Ի վերջո չափազանց սուր քննադատվել է իր երաշխավորած դասագիրքը:

Ուսուցչական ու ծնողական համայնքը բավական բուռն արձագանքեց իմ գրախոսությանը, որի համար շնորհակալ եմ, իհարկե: Սակայն մի մասը բավարարվեց Մաշտոցի նկարը Այբբենարանի մեջ փակցնելով ու դրանով «հաղթանակ» տոնելով:

Ինչպե՞ս է պատահել, որ երաշխավորված երկու այբբենարանի հեղինակներն իմացել են, որ այբբենարաններում չի կարելի ներկայացնել ազգային որևէ խորհրդանիշ. չէ՞ որ չափորոշչում նման պահանջ չի եղել:

Միով բանիվ՝ այսօր մերժվել է մի Այբբենարան, որը բոլոր չափանիշներով համապատասխանում է պետական չափորոշչին և երաշխավորվել ու դպրոց են մտել սխալաշատ բազմաթիվ թերություններով լի այբբենարաններ:

Դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը, նրա մրցութային հանձնաժողովին, Ազգային ժողովի ԿԳՄՍՆ հարցերի մշտական հանձնաժողովին և ակնկալում պատասխան՝ ինչպե՞ս է պատահել»,-գրել է Վաչագան Ա. Սարգսյանը։