Խելամիտ որոշումների չհանգելու դեպքում մենք պետք է ձեռնպահ մնանք մեր երեխաներին սեպտեմբերի 15-ից դպրոց ուղարկելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է մի ուղեցույց, որի պահանջներով եւ կարգավորումներով 2020 թվականի սեպտեմբերի 15-ից պետք է կազմակերպվի ուսումնական գործընթացը հանրակրթական դպրոցներում։ Ինչպես հաճախ է պատահում օրվա իշխանությունների պարագայում, այն նախնական քննարկում չի անցել գործընթացի հիմնական շահառուների՝ ուսուցիչների, հոգեբանների, բժիշկների, ծնողների հետ եւ այն։ Ավելին, ինձ հայտնի չեն այդ թեմայով որեւէ հանրային քննարկումներ, որտեղ հնարավոր կլիներ լսել փորձառու մարդկանց կարծիքն ու տեսակետները, դիտարկել նոր իրավիճակում ուսումնական գործընթացի կազմակերպման տարբերակներ։
Այդ ամենի հետեւանքով սահմանվել է մի կարգ, որը գործնականում կիրառելիության տեսանկյունից առնվազն խիստ խնդրահարույց է եւ կարող է անտանելի վիճակ ստեղծել մեր երեխաների եւ ուսուցիչների համար։ Կրթության ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ հայտարարել են, որ կարգում պետք է կատարվեն փոփոխություններ։ Կարծում եմ, որ խելամիտ որոշումների չհանգելու դեպքում, մենք պետք է ձեռնպահ մնանք մեր երեխաներին սեպտեմբերի 15-ից դպրոց ուղարկելուց։ Մենք եւ մեր երեխաները ոչ մի մեղք չունենք, որ որոշումներ կայացնելու իրավասությունները հանգամանքների բերումով վերապահվել են գործից անտեղյակ, պատահական մարդկանց։
Ես ունեմ դպրոցահասակ երկու երեխա եւ չեմ պատրաստվում նրանց սեպտեմբերի 15-ին ուղարկել դպրոց՝ այդ անտանելի պայմաններում կիսատ-պռատ ուսումնական գործընթացին մասնակից դարձնելու եւ անտեղի անհարմարություններին դիմակայելու համար։
Կոչ եմ անում հանրային դժգոհության ընդհանուր քայլ կատարել եւ երեխաներին չուղարկել դպրոց այնքան ժամանակ, քանի դեռ չեն կայացվել խելամիտ եւ հանրության հետ քննարկումների արդյունքում կայացված որոշումներ»,-նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։