Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 29-ին մեկնարկել է «Սոցիալական արդարությունը դպրոցում» խորագիրը կրող ուսուցչական համաժողովը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան հարյուր ուսուցիչներ, տնօրեններ, հանրակրթության բնագավառի մասնագետներ, հետազոտողներ, տեղական և միջազգային փորձագետներ։ Համաժողովի անցկացումը նախաձեռնել են «Գլոբալ թու լոքալ Արմենիա» (Global to Local Armenia) հասարակական կազմակերպությունը և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է խնդիրների քննարկումը՝ առանց որոնց, ըստ նախարարի տեղակալի, անհնարին կլինի ապահովել կրթության որակի բարելավումը։
«Սոցիալական արդարության գաղափարը շատ բազմաշերտ երևույթ է. դրան կարելի է մոտենալ շատ տարբեր կողմերից, որոնք բոլորն էլ իրենց տեղը, ճշմարտությունը և ազդեցությունն ունեն կրթական գործընթացի վրա։ Ինքս դեռ շատ վաղուց հետաքրքրվել եմ սոցիալական արդարության թեմայի ուսումնասիրությամբ: Կարծում եմ՝ բոլորս առնչվում ենք մի երևույթի, երբ երեխաները դպրոց գնալուց որոշ ժամանակ անց, սկսում են ներկայացնել արդարության մասին իրենց պատկերացումները։ Հանդես գալով նախարարության դիրքից՝ պետք է նշեմ նաև, որ մեր անելիքն է հասկանալ, թե որքանով են պետության ձեռնարկած քայլերը և անելիքները սոցիալապես արդար»,- նշել է նախարարի տեղակալը։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է` ԿԳՄՍ նախարարությունը քաջ գիտակցում է իր դերը և քաղաքականության մշակման ուղղությամբ պետության անելիքը․ «Կարծում եմ՝ որևէ մեկս իրականությունը թաքցնելու կարիք չունի։ Պետք է պարզապես գործընկերային սկզբունքով միասին լուծենք խնդիրները, որոնք շատ են»։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են պանելային քննարկումներ, սեսիաներ հանրակրթության բնագավառում սոցիալական անարդարության, բուլլինգի կանխարգելման, դպրոցական սննդի ապահովման կարևորության, ազգային փոքրամասնություն համարվող երեխաների դպրոցական կրթության իրականացման և այլ թեմաներով։
Նախատեսվում են առցանց միացումներ միջազգային բանախոսների հետ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ։ Պանելային քննարկումներին մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը։