ԳլխավորԼուրԿրթություն

ԿԳՄՍ փոխնախարարը՝ գնահատականները մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա ամփոփելու մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 1-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Անդրեասյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են բոլորի համար հավասար պայմաններ ունենալու սկզբունքից ելնելով։

«Պետք է հաշվի առնենք, որ մեր երկրում պայմանները, ցավոք, բոլոր երեխաների համար հավասար հասանելի չեն հեռավար կրթության համար։ Ունեցել ենք բավականին թվով երեխաներ Երևանում և մարզերում, որոնք զրկված են եղել հեռավար ուսուցման մասնակցելու հնարավորություններից, և այս երեխաները պետք է ունենան նույն պայմանները, ինչ մյուս երեխաները»,- ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթությունը կրթություն է բոլորի համար, որը և սահմանադրական իրավունք է ու ամրագրված է օրենքով, հետևաբար որոշում կայացնելիս այն պետք է վերաբերվի բոլորին։

«Մեզ շատ են հարցնում, թե այդ դեպքում ինչ եղավ մարտի 13-ից հետո սկսված գործընթացի հետ, արդյոք դա իզուր էր։ Ոչ, իհարկե իզուր չէր և հենց առաջին օրից, երբ մենք կոչ ենք արել անցկացնել հեռավար ուսուցում, արվել է, որպեսզի ապահովվի կրթության շարունակականությունը, որպեսզի այս ընթացքում երեխաները դուրս չմնան կրթությունից, և մենք այդ աշխատանքը ամբողջությամբ հաշվի ենք առնում։ Այն դասընթացները և այն թեմաները, որոնք անցել են այս ընթացքում, որևէ երեխա և ուսուցիչ չի կրկնելու եկող տարի»,- ընդգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այսպիսով նախարարությունը ճանաչում է այդ գործընթացը և գնահատում կատարված աշխատանքը։

Երեխաներին հետաքրքիր չէ, թե ինչ գնահատական են իրենք ստանում. գնահատման համակարգը չի աշխատում, կարծում է փոխնախարարը։

«Գնահատականները հետաքրքրում են մեզ՝ ծնողներիս, հետաքրքրում են կրթական գործընթացի այլ մասնակիցներին։ Մենք փորձում ենք դա դրսևորել իբրև պատժի մեխանիզմ՝ երեխային երկուս նշանակել կամ որևէ այլ ցածր գնահատական, բայց չի ազդում նրանց վրա։ Դա կարող է նրանց վրա ազդել իբրև ծնողից վախ, դա կարող է նրանց վրա ազդել իբրև վախ որևէ այլ պատժից, որը բուն գնահատականը չէ։ Եթե մենք այսօր խոսում ենք այդ խնդիրների մասին, միգուցե, ազնիվ լինենք և խոսենք մեր գնահատման համակարգի խնդիրների մասին»,- նշեց Անդրեասյանը։

Comment here