ԳլխավորԼուր

Ուսուցչուհին փայտով խփել է սանի մեջքին, ապտակել, ծնողը դիմել է դպրոց և նախարարություն

Շախմատի տուն

«Այսօր բան իմացա, որից արյունը տվեց գլխիս: Վերջերս տղաս էլ չէր ուզում գնալ շախմատի…Այսօր զանգում է իր ուսուցչուհին, որ ճշտի գալու է, թե ոչ, ասում եմ, որ էլ չի ուզում գալ, ու ուսուցչուհին ասում է` «դե ես հո իրան չեմ ծեծել, մի թեթև մայրական ապտակա եղել, էլի…»,-Facebook սոցիալական ցանցում նման ահազանգ է հնչեցրել Օվսաննա Հովսեփյանը:

Նրա 11 տարեկան որդին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի սան է: Usanogh.am-ի հետ զրույցում Օվսաննա Հովսեփյանը պատմեց, որ ուսուցչուհու ակամա ինքնախոստովանությունից հետո որդին արդեն պատմել է, որ երբ ինքը խելոք չի մնում, ուսուցչուհին փայտով հարվածում է իր մեջքին, մարմնի մյուս հատվածներին. «Դրանից հետո կապ հաստատեցի դպրոցի տնօրինության հետ, ինձ հրավիրեցին դպրոց` դիմում գրելու և գրավոր բողոք ներկայացնելու: Այսօր գնացի և դիմում գրեցի: Դիմել եմ նաև ԿԳՄՍ նախարարություն: Այնտեղից ինձ ասացին, որ եթե դպրոցը դիմումիս պատշաճ ընթացք չտա, այդ դեպքում նոր դիմեմ իրենց»:

Մենք հարցրինք` արդյոք այլ սաների նկատմամբ ևս ուսուցչուհին նման գործողություններ կատարե՞լ է. «Նմանատիպ այլ դեպքերի մասին տեղեկություններ չունեմ»,-ասաց Օվսաննա Հովսեփյանը:

Usanogh.am-ը զրուցեց նաև Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրեն Նունե Վարդանյանի հետ:

Նա տեղեկացրեց, որ զրուցել է և´ ուսուցչուհու, և´ սաների, և´ Օվսաննա Հովսեփյանի հետ.

«Վերջնական որոշում կայացնելուց հետո ես այն կներկայացնեմ ԿԳՄՍ նախարարություն: Այս հարցը հենց այնպես չենք թողնի, բարձիթողի վիճակ չէ: Պետք է հասկանանք` ինչ է կատարվել, իսկապես եղե՞լ է այն, ինչ ներկայացվում է: Բացի Օվսաննա Հովսեփյանից` այլ ծնողներից տվյալ ուսուցչուհու հետ կապված որևէ ահազանգ չենք ստացել, փոխարենը նրա հասցեին հնչել են բավական դրական կարծիքներ: Առաջիկայում ամեն բան պարզ կդառնա»,-ասաաց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ