ԳլխավորԼուր

Ես ձեր առաջ ամենևին էլ չեմ պատրաստվում մանկական տեքստ ասել. ՀՀ վարչապետը դպրոցներ է այցելել. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը, որը կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019 թ. փետրվարից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. հոկտեմբերից, ավարտվել է 2023 թ. հունվարին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1,391,580.8 հազար դրամ: Բացի կառուցումից դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար հատկացվել է 35,805.6 հազ. դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված՝ կանաչապատ և ասֆալտապատ բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 465 աշակերտ:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին Երևանում բացվել է հիմնովին վերակառուցված 3 դպրոց, այդ դպրոցներն են՝ Երևանի թիվ 55 հիմնական դպրոցը, թիվ 116 հիմնական դպրոցը, թիվ 18 հիմնական դպրոցը, որի միայն դիմապատն է պահպանվել որպես մշակութային արժեք:

Դպրոցի մարզադաշտ

«Այս տարի սեպտեմբերի 1-ին մենք հանրապետությունում 8 դպրոց ենք բացել: Ես ուզում եմ թվարկել՝ Արմավիրի մարզի Պտղունքի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Դեղձուտի հիմնական դպրոց, որտեղ այսօր նորից կայցելենք, Արագածոտնի մարզի Օհանավանի միջնակարգ դպրոց, Վայոց Ձորի մարզի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ կայցելենք, բայց ոչ այսօր, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոց:

…Սիրելի երեխաներ, ես ձեր առաջ ամենևին էլ չեմ պատրաստվում մանկական տեքստ ասել, ես այսօր ձեր առջև պատրաստվում եմ ասել պետական տեքստ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև ցանկացած խնդիր, որն ուզում ենք ուսումնասիրել, ցանկացած խնդիր, որն ուզում ենք հասկանալ, պետք է գանք դպրոց»:

Մանրամասները՝ տեսանյութում։