ԳլխավորԼուր

Այսօր տեղի կունենա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը

«Արտավազդ» մրցանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»): Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։ Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն է:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին. այդ օրն ի մի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից:

Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։