ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է «Դասարան +Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը:

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար, միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։

Կրթական ծրագիրն իրականացվելու է հունիսի 13-26-ը: Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. նախնական ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների հիման վրա, որին հետևել է հարցազրույցների փուլը: Մրցութային փուլերը հաղթահարած աշակերտները երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշխատելու են խմբերով՝ իրենց մենթորների և դասախոսների ղեկավարությամբ։

Ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 300 աշակերտներ, նրանցից ընտրվել են 70-ը: Ծրագրի այս փուլում նրանց հետ կանցկացվեն դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։

Մասնակիցները մեկ տարի շարունակ բոլոր ներկայացումներին ազատ մուտք գործելու իրավունք կստանան:

Այս տարի, բացի դրամատիկական խմբերից, «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն ունի պարի և մնջախաղի խմբեր։

Կրթական ծրագրի բացման պաշտոնական մասին հետևել են ոլորտի երախտավորների՝ Ժիրայր Բաբազյանի, Արթուր Ղուկասյանի, Արմեն Էլբակյանի դասախոսությունները։

Նշենք, որ հունիսի 26-ին՝ ծրագրի եզրափակմանը, խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում բեմադրած ներկայացումները։