Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ավարտվեց երկու փուլից բաղկացած «Հարց դերասանին» նախագիծը: Ծրագրի նպատակը դպրոցականներին թատրոնին մոտեցնելը, դերասաններին, ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելն էր:
Ինչպես նշում է նախագծի հեղինակ, թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը՝ նախագծի առաջին փուլին մասնակցել են Վանաձոր քաղաքի դպրոցների 7-12-րդ դասարաններում սովորող շուրջ 400 աշակերտ: Դպրոցականների շրջանում հետաքրքրությունը հաշվի առնելով` իրականացվեց նաև նախագծի երկրորդ փուլը։
Ծրագրի շրջանակում թատրոնի երեք սերնդի արտիստներ հանդիպեցին տարբեր դպրոցների աշակերտների հետ՝ փորձելով տալ դպրոցականներին հուզող հարցերի պատասխանները: Աշակերտները նշում են, որ այս հանդիպումների միջոցով ավելի լավ ճանաչեցին թատրոնն ու արտիստներին, ոմանց նախագիծն օգնեց նաև մասնագիտության ընտրության հարցում:Նախագծի հեղինակները, կարևորվելով անմիջական շփումը, հանդիպումները կազմակերպել են բեմից դուրս՝ ասուլիսային ձևաչափով:
Ծրագրի երկրորդ փուլի չորս հանդիպումներին մասնակցել են 150-ից ավելի դպրոցականներ, որոնք հնարավորություն են ունեցել հանդիպելու դերասաններ Գագիկ Դուրմիշյանի, Նունե Խեչումյանի, Արման Կոլոսովի, Արթուր Պապիկյանի, Համլետ Գյուլզադյանի, Հակոբ Դեմիրճյանի, Գայանե Մեսրոպյանի, Ռուզաննա Խաչատրյանի, Գայանե Վարդանյանի, Վասիլ Նազլուխանյանի հետ:
Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն վստահեցնում է՝ 2023 թվականին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոր ներկայացումներին զուգահեռ իրականացվելու են նոր և առավել հետաքրքիր նախագծեր: