ԳլխավորԼուր

Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ռուստամ Սահակյանը ծնվել է 1965 թվականին օգոստոսի 1-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1982 թվականին ընդունվել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, ստացել ինժեներ-էլեկտրիկի որակավորում:

1990 թվականին հունվարին ուղեգրվել է Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան տեքստիլ և թեթև արդյունաբերության ինստիտուտին կից նպատակային ասպիրանտուրա, 1999 թվականի օգոստոսին հրավիրվել է ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի Ամուրի պետական համալսարան (ԱմՊՀ), որտեղ ընդունվել է ԱմՊՀ-ի առկա դոկտորանտուրան:  2003 թվականի մայիսին Ռուստամ Սահակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1999-2006 թվականներին աշխատել է ԱմՊՀ-ի «Մաթեմատիկական անալիզ և մոդելավորում» ամբիոնում դոցենտի, այնուհետև` պրոֆեսորի պաշտոններում:

Փետրվարի 21-ին տեղի ունեցած Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել է որպես ՎՊՀ ռեկտորի թեկնածու: 2020 թվականի մարտի 1-ի նիստում ընտրվել է ՎՊՀ ռեկտոր։

Comment here