Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի ընտրության հարցը շարունակում է բուռն քննարկումների առիթ լինել։
Համալսարանի ասպիրանտ, ռեկտորի ընտրության հարցով ստորագրահավաք կազմակերպած խմբի համաղեկավար Հրանտ Սարկիսովը, ինչպես նաև բուհի դասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ այսօր հանդիպել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները։ Նրանք պահանջում են ապահովել ռեկտորի ընտրության բնականոն ընթացքն ու ապահովել համալսարանի ինքնավարությունը։
Ըստ ՀՀ և ՌԴ միջև միջկառավարական համաձայնագրի՝ համալսարանի գործադիր ղեկավար մարմնի ձևավորման միակ ընթացակարգը ընդհանուր ժողովն է, որին պետք է մասնակցեն բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և վարչական ոլորտի աշխատակիցներ։ Ընդհանուր ժողովը գումարում է նիստ ամեն 5 տարին մեկ՝ ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից որոշակի ժամանակ առաջ։
Այժմ ստացվել է այնպես, որ հայկական և ռուսական հիմնադիրները հակասում են միմյանց։
«Հիմա մենք ունենք երկու հակասող գրություններ հայկական և ռուսական հիմնադիրների կողմից։ Հայկական հիմնադիրը նշում է, որ հարկավոր է կատարել կանոնադրությամբ և միջկառավարական համաձայնագրով նախանշված պարտականությունները, իսկ ռուսական կողմն ասում է, որ նպատակահարմար չեն համարում ռեկտորի ընտրությունների անցկացումը մինչև նոր միջկառավարական համաձայնագրի կնքումը։ Մեր բուհի համար դա նորություն էր, դրա համար դիմեցինք հայկական կողմի հիմնադրին՝ ԿԳՄՍ նախարարությանը»,- Usanogh.am-ի հետ զրույցում նշում է ստորագրահավաքը նախաձեռնող խմբի համաղեկավար Հրանտ Սարկիսովը։
Նա ստորագրահավաքի 3000 մասնակիցներից հույս է հայտնում, որ խնդիրը կարող է ցանկալի լուծում ստանալ․ «Մենք պայքարում ենք բուհի ակադեմիական միջավայրը պահպանելու համար։ Անձերի խնդիր չենք լուծում, պարզապես ցանկանում ենք, որ ամեն բան լուծվի օրենքի համաձայն, այլապես բուհում կարող է քաոս սկսվել»։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ բոլոր հարցերը ըստ օրենքի են լուծվելու։
Նշենք, որ ավելի վաղ Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի ֆեյսբուքի էջում տեղադրվել էր հայտարարություն, որով համալսարանի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի անունից պահանջ էր ներկայացվել ապահովել մայիսի 5-ին նախատեսված ռեկտորի ընտրությունների բնականոն ընթացքը և հաստատել ընտրված անձին որպես ռեկտոր։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտնել է՝ մայիսին կայանալիք ռեկտորի ընտրություններում իր թեկնածությունը համալսարանի համահիմնադիրների՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների կողմից չի դիտարկվում։